23/01/2015 09:42
ԵՏՄ երկրներից ներկրվող ապրանքների համար գործարարները ԱԱՀ, այնուամենայնիվ, կվճարեն
Անցած տարվա հոկտեմբերին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հայտարարեցին, թե ԵՏՄ-ից ներմուծված ապրանքներից սահմանին ԱԱՀ չի գանձվելու:
Ընդ որում` երկուսն էլ դա հայտարարում էին մեծ խանդավառությամբ և ներկայացնում էին որպես Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելու խիստ դրական ազդեցություն: Սա բավականին ոգևորել էր մեր գործարարներին, որովհետև սահմանի վրա վճարվող ԱԱՀ-ն հենց «գլխանց» 20 տոկոսով թանկացնում է ներկրվող ապրանքի գինը և ստիպում ներմուծողներին հսկայական գումարներ սառեցնել երկար ժամանակով:
Երեկ, սակայն, ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Միրումյանը հօդս ցնդեցրեց այդ ոգևորությունը: ԵՏՄ երկրներից ներկրվող ապրանքներից սահմանի վրա ԱԱՀ չի գանձվելու: Ներմուծողը այդ գումարը վճարելու է մինչև ներմուծմանը հաջորդած ամսվա 20-ը։ Այսինքն՝ նախկին 10 օրը փոխարինվել է մինչև 50 օրով»- «Հայկական Ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասել է Միրումյանը: Այլ կերպ ասած, ոչինչ չի փոխվել: