24/01/2015 15:25
Ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասքերովը պատրաստվում է ներման խնդրանքով դիմել ԼՂՀ նախագահին
Շահումյանի շրջանում ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզականդիվերսիոն խմբի անդամ, ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Դիլհամ Ասկերովը առայժմ չի ցանկանում բողոքարկել առաջին ատյանի դատարանի վճիռը:
Այս մասին «Արցախպրեսի» հետ զրույցում ասաց ադրբեջանցի դիվերսանտի փաստաբան Էրիկ Բեգլարյանը՝ նշելով, որ Ասկերովը մինչև հունվարի 29-ը դեռ ժամանակ ունի որոշում կայացնելու համար:
«Դատավճռից հետո տեսակցել եմ պաշտպանյալիս, նա հայտնել է, որ չի ցանկանում վճիռը բողոքարկել, և ամենայն հավանականությամբ կօգտվի ԼՂՀ նախագահին ներման խնդրանքով դիմելու հնարավորությունից»,- ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ անցած տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած, լրտեսության, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը դեկտեմբերի 29-ին ԼՂՀ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել են համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման: