26/01/2015 16:13
«Հայ արտահանողներն էժան են արտահանում՝ ռուսական շուկան չկորցնելու համար»
«Ռուսաստանի բոլոր քայլերը անուղղակիորեն ազդեցություն են ունենում Հայաստանի վրա և լուրջ խնդիրներ են ստեղծում: ՌԴ գրեթե բոլորը քայլերը Հայաստանի համար դրական չեն»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Ըստ նրա՝ Ռուսաստանի դեմ կիրառած սանկցիաների և ռուբլու արժեզրկման պատճառով տուժել է հատկապես Հայաստանից արտահանումը. բազմաթիվ արտահանողներ կամ չեն արտահանում, կամ դադարեցրել են արտահանումը, կամ էլ վնասներ են կրում:
Նա միաժամանակ նշեց, որ արտահանողները ապրանքներն էժան են արտահանում, որպեսզի չկորցնեն ռուսական շուկան:
Խոսելով Ռուսաստանի միգրացիոն նոր օրենքի մասին՝ Գ.Մակարյանը նշեց, որ Ռուսաստանը միգրացիայի խնդիր ունի և այսօր ՌԴ քաղաքացիները հեռանում են այլ երկրներ աշխատելու, քանի որ այնտեղ նույնպես աշխատատեղեր են կրճատվում:
«ՌԴ միգրացիոն նոր օրենքն ուղղված է իր շուկան պաշտպանելու համար: Ռուսաստանի կողմից միգրացիոն օրենքի խստացումը միմիայն ի շահ այդ երկրի է»,- ընդգծեց Գ.Մակարյանը: