26/01/2015 16:05
Մոսկվայի դատարանը կքննի Լևոն Հայրապետյանի բողոքը
Մոսկվայի դատարանը փետրվարի 9-ին կքննի «Բաշնեֆտ» էներգետիկ ընկերության բաժնետոմսերի յուրացման գործով անցնող հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի տնային կալանքի երկարաձգման բողոքարկումը:
Այս մասին Ռուսական ТАСС-ին հայտնել է Բասմանի դատարանի մամուլի քարտուղար Աննա Ֆադեևան:
«Գործարարի պաշտպանությունը բողոքարկել է տնային կալանքի ժամկետի երկարաձգումը»,- գրում է լրատվականը:
Ավելի վաղ Բասմանի դատարանը երկարաձգել էր գործարարի տնային կալանքը մինչև ապրիլի 19-ը, սակայն հետագայում գործի հետաքննության ժամկետը կրկին երկարացվել է՝ մինչև ապրիլի 28-ը:
Հիշեցնենք, որ 65-ամյա գործարարը մեղադրվում է «Բաշնեֆտի» բաժնետոմսերի վաճառքի գործով դրամական միջոցների յուրացման համար: Նա ձերբակալվել է 2014 թվականի հուլիսի 15-ին «Դոմոդեդովո» օդանավակայանում: