27/01/2015 15:32
Ադրբեջանցի դիվերսանտները մտափոխվել են և դատավճիռը կբողոքարկեն ԼՂՀ Վերաքննիչ դատարանում
Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզականդիվերսիոն խմբի անդամներ` Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևն, ովքեր անցած տարվա դեկտեմբերի 29-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել են համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման, մտադիր են բողոքարկել դատավճիռը: Այս մասին «Արցախպրեսի» հետ զրույցում հայտնել են ադրբեջանցի դիվերսանտների փաստաբաններ Էրիկ Բեգլարյանը և Արկադի Իսրայելյանը:
«Իմ պաշտպանյալը թեև սկզբում մտադիր չէր բողոքարկելու ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացրած վճիռը, բայց, այնուամենայնիվ, որոշ անհամաձայնություններ ունենալով դատարանի կայացրած որոշման հետ, ցանկանում է այն բողոքարկել ԼՂՀ Վերաքննիչ դատարանում»,-ասել է ամբաստանյալ Ասկերովի դատապաշտպան Է. Բեգլարյանը:
Ամբաստանյալ Գուլեևի դատապաշտպան Արկադի Իսրայելյանը ևս փաստեց, որ, հաշվի առնելով իր պաշտպանյալի պահանջը, վերաքննիչ բողոք կներկայացնի ԼՂՀ Վերաքննիչ դատարան: Ա. Իսրայելյանի խոսքով, բողոքարկման դիմումը ներկայացնելուց հետո օրենքով նախատեսված կարգով այն կքննվի ԼՂՀ Վերաքննիչ դատարանի կողմից, և դրա հիմնավորված լինելու մասին որոշում կկայացվի առաջիկա մեկ ամսվա ընթացքում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ամբաստանյալների փաստաբանները մամուլին հայտնել էին, որ իրենց պաշտպանյալները չեն պատրաստվում բողոքարկել դեկտեմբերի 29-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացրած դատավճիռը. այն է` համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման: