28/01/2015 13:55
ՄԻԵԴ-ում այսօր կսկսվի քննվել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում նշանակված է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործի» լսումը Մեծ պալատում:
Դատարանի դիմաց հավաքվել են հայեր և թուրքեր, ինչպես նաև տասնյակ ոստիկաններ: Հայերը հանդես են գալիս «Այլևս ոչ մի 1915» կոչերով:
Հիշեցնենք, որ 2007թ. մարտին թուրք Դողու Փերինչեքը դարձավ առաջին մարդը, ով Շվեյցարիայում դատապարտվեց Ցեղասպանության մերժման համար: 2005թ. տարբեր համաժողովների ընթացքում նա Հայոց ցեղասպանությունն անվանում էր «միջազգային սուտ», ինչի համար էլ «Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիան նրան դատի տվեց:
2007թ. մարտին Շվեյցարիայի շրջանային դատարանը նրան մեղավոր ճանաչեց օրենսդրությունը խախտելու մեջ և նշանակեց 12 000 շվեյցարական ֆրանկ տուգանք: Այդ որոշումը հաստատեց նաև Շվեյցարիայի Դաշնային Գերագույն դատարանը: 2013 թ. դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ի 7 դատավորներից 5-ը վճռեցին, որ արդարացված չէր քրեական դատապարտումը 1915թ. և դրանից հետո հայ ժողովրդի դեմ կատարված վայրագությունների մերժման համար, իսկ Շվեյցարիան խախտել է Փերինչեքի ազատ արտահայտվելու իրավունքը: Սա անընդունելի է այն տեսանկյունից, որ երկակի ստանդարտների կիրառման դեպք է, երբ դատարանը Հոլոքոստի ժխտումը հանցագործություն է որակում, իսկ Հայոց ցեղասպանությանը` ոչ:
2014 թ. մարտի 17-ին Շվեյցարիայի իշխանությունները որոշեցին բողոքարկել դեկտեմբերի 17-ի որոշումը: