29/01/2015 13:05
Ա. Խուրշուդյան. Առևտրային բանկերի խոշորացումը իր մեջ ռազմավարական մեծ ռիսկեր է պարունակում
Առևտրային բանկերի խոշորացումը իր մեջ ռազմավարական մեծ ռիսկեր է պարունակում, այն պետք է բնական լիներ, իսկ այսպես ԿԲ-ն գուցե փորձել է արագացնել գործընթացը: Այս մասին այսօր «Դոլարի փոխարժեքը և ֆինանսական կայունությունը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը:
Նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկի 2014 թ. տարեվերջյան որոշման համաձայն, Հայաստանում գործող բանկերը մինչև 2017 թ. պետք է 6 անգամ մեծացնեն իրենց կապիտալի նվազագույն սահմանաչափը՝ 5 միլիարդ դրամից հասցնելով 30 միլիարդի:
Նրա խոսքով՝ ԿԲ-ի այս որոշումը իր համար շոկային էր, քանի որ երբ նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբերին ֆինանսական շուկայում ճգնաժամ տեղի ունեցավ, որոշ տնտեսագետներ կանխատեսում էին, որ այս ճգնաժամին որոշ բանկեր չեն դիմանա և տեղի կունենա բանկերի միաձուլման գործընթաց, սակայն, ԿԲ-ին այս որոշմամբ ստիպում է բանկերին միաձուլվել:
Ա. Խուրշուդյանը ասաց, որ այս որոշմամբ ԿԲ-ն ապագա հնարավոր մեծ ճգնաժամի ժամանակ ռիսկի տակ է դնում ամբողջ ֆինանսական համակարգը և բերեց ԱՄՆ-ի օրինակը, որ 2008 թ. ֆինանսական ճգնաժամի ժամանակ հիմնականում ԱՄՆ-ի խոշոր բանկերը սնանկացան, իսկ փոքր բանկերը հեշտությամբ հաղթահարեցին ճգնաժամը:
«Հայաստանում արդյունավետ ֆինանսական շուկա չկա, կա միայն բանկային շուկա: Բանկերն էլ այսօր մենաշնորհային են, դրանց միջև մրցակցությունը շատ մեծ չէ և չկան պարզ, շուկայական այն գործքիները, որոնցով շուկան հնարավորություն կունենա արագ արձագանքել ցանկացած փոփոխության»,- ասաց Ա. Խուշուդյանը:
Նա ասաց, որ տարիներ առաջ մեր երկրում կար ստվերային սվոփ (փոխանակման) շուկա, այսինքն` բոլոր փոխանակման կետերը փոխկապակցված էին և շատ արագ մեծ գումարները կարողանում էին փոխանակել, սակայն ԿԲ-ն դա վերացրեց` փորձելով այն տեղափոխել միջբանկային շուկա կամ բորսա, ինչը արդյունավետ չաշխատեց, քանի որ կանխիկ գործարքները գերակայում են: