29/01/2015 20:13
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հրապարակվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստի ավարտից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնաժողովի անդամների և ընդլայնված նիստի մասնակիցների հետ այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին: Պետական հանձնաժողովի անդամներն այնուհետև ծանոթացել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր ցուցադրության նախապատրաստման աշխատանքների ընթացքին:
Ինչպես տեղեկացնում են երկրի ղեկավարի գրասենյակից, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի է ունեցել նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակման արարողությունը: Հռչակագիրն այսօր միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում: Փաստաթուղթն ընթերցել է նախագահ Սերժ Սարգսյանը և ի կատարումն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի որոշման, հռչակագրի մայր օրինակը ի պահ է հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Հանրապետության նախագահը նշել է, որ հռչակագրի մեկ օրինակը կուղարկվի Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, մեկ օրինակը կհանձնվի Հայաստանի Հանրապետության ազգային արխիվ: