29/01/2015 17:07
Վարդան Պետրոսյանը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վաղինակ Մկրտչյանը հրապարակեց դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատավճիռը:
Վ. Պետրոսյանը դատապարտվեց 5 տարի ժամկետով ազատազրկման, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվեց 2 տարի ժամկետով, տուժողների քաղհայցը թողնվել է առանց քննության: Հօգուտ Գյուղնախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի՝ Վ. Պետրոսյանից բռնագանձվել է 1մլն 200000 հազար դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի փոխհատուցում:
Վ. Պետրոսյանը լուռ հեռացավ դատարանի դահլիճից:
Նշենք, որ ավելի վաղ դատախազը միջնորդել էր Վարդան Պետրոսյանին մեղավոր ճանաչել և նրան դատապարտել 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, 3 տարով զրկելով տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից, բռնագանձել շուրջ 500 հազար ՀՀ դրամ:
Հիշեցնենք, որ որ ըստ Վ. Պետրոսյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երևան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին իրականացրել է ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ և երթևեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 և 66 կետերի, ինչպես նաև «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթևեկելի մասից դեպի աջ և առջևի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայի հետևի մասին, որի հետևանքով «Վազ -21214» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին և էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթևիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաև ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 242 Հոդվածի 3 Մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) հատկանիշներով: