29/01/2015 17:42
Փաստաբան. Վարդան Պետրոսյանը մի ամսից ազատ կլինի
Վարդան Պետրոսյանը ամեն դեպքում, ապրիլին տանն է լինելու: Այս մասին այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վ. Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
«Մենք գիտենք, որ համաներման ակտերի ժամանակն է մոտենում և 5 տարվա ազատազրկման դեպքում համաներման ակտով գործը կկարճվի: Եթե տուժող կողմը հանկարծ որոշի բողոքարակել դատական ակտը, դատավորին ոչինչ չի մնա, քան դատարանի դահլիճից ազատ արձակել Վարդան Պետրոսյանին, քանի որ եթե պատիժը թողնի անփոփոխ, ապրիլին ինքն ամեն դեպքում տանը կհայտնվի: Դատավորը, փաստորեն, մերժեց քաղհայցը, որովհետև նա նյութական պահանջ չէր կարող ներկայացնել, դատավորը իրավիճակային լուծում տվեց պետության վնասի փոխհատուցման հարցին, որովհետև ապահովագրական ընկերությունը պետք է փոխհատուցեր 18 մլն, ինքը բռնագանձումը տարածեց Վարդանին՝պարտավորեցնելով վճարել 12 մլն դրամ, ինչը նշանակում է, որ պետությունը կամ ավելի քիչ գումար կստանա, քան պետք է ստանար, կամ էլ և ապահովագրական ընկերությունը պետք է 1.8 մլն դրամ փոխհատուցի և Վ. Պետրոսյանը 1.2 մլն դրամ հատուցի, ինչը նույնպես անտրամաբանակն է»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
Հարցին՝ ի՞նչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել, Ն. Բաղդասարյանը պատասխանեց.
«Մենք դիմել ենք ՀՔԾ, որպեսզի քրգործ հարուցվի քննիչի կողմից փաստաթղթեր կեղծելու կամ այլ հանցավոր արարք գործելու, քննիչների անգործության վերաբերյալ: Արդեն դատական նիստ է նշանակված, որի ընթացքում, իմ կարծիքով, կնշանակվի դատաավտոտեխնիկական փորձաքննություն, և երբ ես կստանամ արդյունքները, Վ. Պետրոսյանը այս գործով ազատության մեջ կգտն: Մենք այս դատական ակտը նոր երևան եկած հանգամանքով կբողոքարկենք, որի ճակատագիրը բոլորիս պարզ կլինի: Այս գործով Վ. Պետրոսյանը կազատվի և մենք կվիճարկենք այդ փաստաթղթի իրականությունը այն գործով, որով Վ. Պետրոսյանը հանդես կգա որպես տուժող: Եթե մեզ հաջողվեց այդ գործով հասնել հաջողության, հավաստիացնում եմ ձեզ, որ տեխնիկական բնույթ կկրի այդ փաստաթղթերի փոխարեն ստանալ մի փաստաթուղթ, որտեղ Վ. Պետրոսյանը կհամարվի արդարացված»:
Փաստաբանի խոսքով՝ Վ. Պետրոսյանի դիրքորոշումը ևս դատավճիռը չբողոքարկելն էր, անգամ եթե ինքը դատապարտվի 10 տարվա ազատազրկման:
«Պատճառը այն է, որ մի ամիս հետո նա ազատ կլինի, իսկ այլ քրգործով մենք կշարունակենք պայքարը, ապացուցելու համար, որ այս գործին կցված որոշ փաստաթղթեր ձեռք են բերվել օրենքի խախտումներով»,-ասաց նա:
Հարցին՝ տեղյա՞կ է արդյոք փաստաբանը, որ տուժող կողմը պատրաստվում է բողոքարկել դատավճիռը՝ Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց.
«Իրենք ամեն ինչ անում են, որ ձգձգեն Վ. Պետրոսյանի կալանքի տակ մնալը: Ասենք, իրենք բողոքարկեցին, նա ևս 2 ամիս մնաց կալանքի տակ, օգուտն իրենց ո՞րն է, ես, անկեղծ՝ չեմ հասկանում»:
Հիշեցնենք, որ այսօր դերասան Վարդան Պետրոսյանի գործով կայացվեց դատավճիռ: Նա դատապարտվեց 5 տարվա ազատազրկման: