30/01/2015 12:15
Անհատ ձեռներեցները մասսայաբար հրաժարման դիմումներ կգրե՞ն
Կառավարության շենքի դիմաց շարունակվում է ձեռնարկատերերի բողոքի ակցիան` ընդդեմ փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքի կասեցման: Այժմ էլ ցուցարարները պահանջում են ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանի հրաժարականը, թեև պահանջը ներկայացնելուց րոպեներ առաջ ցուցարարներից մեկը հորդորում էր «Արմեն Ալավերդյանին չֆետիշացնել, քանի որ նա իրեն վաղուց սպառել է»:
Ցույցը համակարգողներից մեկը հորդորեց պատրաստվել պայքարի հետագա ընթացքին, դրսևորելու իրենց անհնազանդությունը, այն է` սկսվում է մի գործընթաց, որը կոչվում է անհատ ձեռներեցների հրաժարման գործընթաց.
«Կա արդեն մոտ յոթ հազար բանավոր պայմանավորվածություն և պատրաստակամություն, կան մարդիկ, որ հայտնել են, որ պատրաստ են դիմում գրել և հրաժարվել անհատ ձեռներեցի իրենց այդ չարաբաստիկ թղթիկներից: Մենք այդ ամենը կփոչձենք հրապարակայնորեն ի ցույց դնել Կառավարության շենքի առջև և այդպիսով ցույց կտանք, որ մենք չենք ընկրկելու, չենք վճարելու ու այդպես սկսում ենք ինքներս կպնել իրենց գրպաններին` ինչպես որ իրենք փորձում են մեր հետ վարվել: Գործընթացը կտևի մինչև փետրվարի 2-ը: Այսպիսով՝ մենք կհրաժարվենք հարկեր վճարելուց, թքած կունենանք օրենքի վրա և հետևյալ կերպ կդրսևորենք մեր անհնազանդությունն ու անհամաձայնությունը»,- հայտարարեց ցուցարար Արտակը ու հավելեց` դե թող գնան ու մտածեն:
Այնուհետ ցուցարարները վերադարձան Արմեն Ալավերդյան պաշտոնյային, սկսեցին վանկարկել նրա հրաժարականի պահանջը, բայց այս անգամ բավականին յուրատիպ ձևով` սինխրոն «պու» գոռալով: