30/01/2015 11:36
«Ես չեմ ուզում հելնեմ վերև, ախպեր, չե՜մ ուզում, չեմ ուզում, որ ինձ խաբեն էլի…». Ցույցը շարունակվում է
Կառավարության նիստին զուգահեռ շենքի դիմած հավաքված ձեռնարկատերերը, որոնք օրեր շարունակ պատասխան են պահանջում կառավարությունից, բանավեճի բռնվեցին մեկը մյուսի հետ: Խնդիրը վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ բարձրանալ–չբարձրանալու մեջ է.
«Ես չեմ ուզում հելնեմ վերև, ախպեր, չե՜մ ուզում: Չեմ ուզում, որ ինձ խաբեն էլի»,- հայտարարեց նրանցից մեկը, իսկ հարևան կինը սկսեց համոզել.
«Լավ, կարող ա մարդը էսօր մեզ մի բան ասի, լավ լինի….»: Սակայն ցուցարարը հայտարարեց, որ չի բարձրանա` խաբված լինելու ցանկություն չունի:
«Խնդրում եմ, չտրվենք պառաժների, ուրիշի ասածներին… մեր հետևը ոչ մի կուսակցություն կանգնած չի, մենք եկել ենք մեր խնդիրը լուծելու»,- միջամտելով բանավիճող ցուցարարներին՝ բարձրախոսով հայտարարեց մի տղամարդ, ու հավաքվածները սկսեցին վանկարկել.
«Կա-սե-ցում»:
Նշենք, որ ցուցարարները պահանջում են «Շրջանառության հարկի մասին» օրենքի կասեցում, որն ուժի մեջ է մտնում փետրվարի 1-ից: Նախօրեին նրանք վերջնաժամկետ էին տվել կառավարությանը` սպասելով իրեյնց բազմաթիվ պահանջ-նամակների պատասխանին, այնուհետ երթով շարժվեցին ու իրենց պահանջը հնչեցրեցին նաև նախագահական նստավայրի մոտ: Իսկ օրվա վերջում որոշում կայացվեց այսօր էլ հավաքվել Կառավարության շենքի դիմաց և նորից պահանջել պատասխանի: