31/01/2015 14:00
Վազգեն Սաֆարյան. Ստվեր առաջանում է ոչ թե փոքր ու միջին, այլ` խոշոր բիզնեսում
«ՓՄՁ-ների շրջանառության հարկը փոքր բաժին է կազմում պետբյուջեի ընդհանուր հարկային մուտքերում` 2-2,5 տոկոս, և այսօր խոսել այն մասին, որ այդ 2-2,5 տոկոսը կարող է էական նշանակություն ունենալ մեր բյուջետային մուտքերում, կարծում եմ, իրատեսական չէ», -Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխություններից, ասաց Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Ըստ Սաֆարյանի՝ փոքր և միջին բիզնեսը պետք է պետության կողմից աջակցություն ստանա:
Բանախոսը համոզված է, որ ստվեր առաջանում է ոչ թե փոքր ու միջին բիզնեսի տնտեսվարողների, այլ` խոշոր բիզնեսի, մասնավորապես ներմուծողների մոտ, իսկ ստվեր գտնելու լավագույն եղանակն, ըստ Սաֆարյանի, մաքսային ճիշտ քաղաքականությունն է:
Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միության նախագահն առաջարկում է ընտրության հնարավորություն թողնել, որպեսզի առևտրականներն ազատ ընտրություն կատարեն: Բացի այդ, ՓՄՁ ոլորտի բազմաթիվ տնտեսվարողներ առանց կանխիկ գումար են ապրանքներ ձեռք բերում և միայն իրացնելուց հետո վճառում, իսկ նոր օրենքի պայմաններում դժվարություններ կարող են առաջանալ:
«Լրացուցիչ հաշվապահությունն ու փաստաթղթաշրջանառությունը բնկանաբար առաջացնելու է ՓՄՁ տնտեսվարողների դժգոհությունը:
Բացի այդ, նրանցից շատերը չունեն բավարար կրթություն, փորձառություն, որ կարողանան հարկային տեսուչներին ապացուցեն իրենց շրջանառությունը, դրա համար այս նոր օրենքը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս»,- ասաց Վ. Սաֆարյանը:
Կառավարությունն այսօր, նրա խոսքով, չի կարողանում մասսայական աշխատատեղեր ստեղծել, ուրեմն չպետք է խանգարել այն մարդկանց, ովքեր իրենց աշխատանքն ունեն:
«Պետք է զարկ տրվի Հայաստանի արդյունաբերական քաղաքականության զարգացմանը: Եթե այսօր ունենայինք այն արդյունաբերությունը, որ ունեցել ենք խորհրդային տարիներին, ապա այսօր Կառավարությունը չէր ընկնի փոքր և միջին բիզնեսի հետևից», - ամփոփեց խոսքը բանախոսը: