03/02/2015 15:11
Արամ Սարգսյանը՝ Բերձորի դեպքերի մասին. Ով ղեկավարում էր այդ օպերացիան, ամենամեծ հանցագործն է
Թեև այս ակցիան Արցախում անցկացնելը սխալ էր, բայց, միևնույն ժամանակ, չեմ հասկանում, թե ինչպես կարելի է այսպես վարվել մարդկանց հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով օրերս Բերձորում տեղի ունեցած միջադեպին, ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:
«Միթե հնարավո՞ր չէր նախապես կանգնեցնել նրանց և հետ վերադարձնել առանց բռնություն գործադրելու: Ո՞վ է տեսել այդպիսի գունդ դուրս բերեն մարդկանց վրա»,- ասաց բանախոսը:
Նա ընդգծեց՝ նման միջադեպերի կարևորագույն պատճառը անպատժելիությունն է.
«Այսպես վարվողները չեն պատժվում, ինչի հետևանքով էլ հասարակությունը սովորում է իրավիճակին»,- ասաց Արամ Սարգսյանն՝ ընդգծելով, այս պարագայում միջադեպերը կարող են շարունակական լինել:
«Ո՞ր տրամաբանությամբ ու ո՞ր կանոններով են նման բաներ տեղի ունենում: Սա նույն բանն է, ինչ տեղի ունեցավ մեզ հետ 2004թ.-ի ապրիլի 12-ին»,- ասաց Արամ Սարգսյանը:
«Ով ղեկավարում էր այդ օպերացիան, ամենամեծ հանցագործն է: Այս կերպ վարվել կարելի է, քանի որ իշխանություններն այդպես են որոշել»,- ասաց Արամ Սարգսյանը: