03/02/2015 10:13
Երեմ Սարգսյանը կներկայացնի Ավետիսյանների գործով տուժողների իրավահաջորդների շահերը
Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննող նախաքննական մարմնին փաստաբան Երեմ Սարգսյանն այսօր ներկայացրել է լիազորագիր` տուժողի երկու իրավահաջորդի շահերը ներկայացնելու համար: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Փաստաբան Երեմ Սարգսյանը քրեական գործով կներկայացնի տուժողի իրավահաջորդներ Լուսինե Ավետիսյանի և Եգոր Ադամյանի շահերը:
Հիշեցնենք, որ տուժողների մերձավոր ազգականներից 5 անձ ճանաչվել է տուժողի իրավահաջորդ և հարցաքննվել դեպքի առնչությամբ իրենց հայտնի հանգամանքների վերաբերյալ:
Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Նրան մեղադրանք է առաջադրված նաև ՌԴ Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ սպանություն և դասալքություն: