04/02/2015 10:32
Հայաստանի օպերային երգիչը Ռիմսկի-Կորսակովի անվան մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը
Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Հովհաննես սարկավագ Ներսեսյանը Ռիմսկի-Կորսակովի անվան երիտասարդ օպերային երգիչների 9-րդ միջազգային երաժշտական մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը: Այս մասին տեղեկանում ենք թատրոնի լրատվական ծառայությունից:
Հեղինակավոր երաժշտական մրցույթը կայացել է հունվարի 28-31-ը Տիխվինում` ռուս մեծանուն կոմպոզիտոր Ռիմսկի-Կորսակովի հայրենի քաղաքում: Այս տարի մրցույթն առաջին անգամ անցկացվել է երկու ուղղություններով` կամերային և օպերային կատարումների գծով: Կամերային բաժնի համար ընտրվել էին 15 կատարողներ, օպերայինի համար` 44 մասնակիցներ Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Վրաստանից, Հայաստանից և Չինաստանից: