04/02/2015 17:50
Ս. Օհանյան. Կուսանտի սպանության գործով աշխատանքից կազատվի մոտ 30 պաշտոնյա
Այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեց օրերս Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով մանրամասներից:
«Գուրգեն Մարգարյանի սպանության փաստի առթիվ մի ողջ ազգ սգում էր: Մենք միջազգային ատյաններում դատապարտել ենք մեր թշնամի հարևանին կատարվածի համար, բայց ստացվում է այնպես, որ մենք ինքներս մեզ մոտ թույլ ենք տալիս նման միջադեպեր:
Չգիտենք՝ ինչ անենք, դատապարտենք, թե՞… Առանց այդ էլ մեր սահմաններում անհանգիստ է: Սա այն դեպքն է, որը պետք է համապատասխան լուծում ստանա: Ես գիտեմ, որ խիստ գնահատականներ եք հնչեցրել, բայց այդյոք պետք է մարդիկ ազատվեն աշխատանքից, այն դեպքում, երբ նրանք մասնակիցը չեն, բայց վերջին երկու տարվա ընթացքում երկրորդ նման դեպքն է արձանագրվում: Ինչ եք այս առումով նախաձեռնել և ինչ եք պատրաստվում անել»,- հետաքրքրվեց պատգամավորը՝ հավելելով, որ հնարավո՞ր չէ նորագույն տեխնոլոգիաներով համապատասխան վերահսկողություն իրականացնել նման դեպքերը կանխելու նպատակով:
Նախարար Ս. Օհանյանն ի պատասխան ասաց, որ արդեն գործի առթիվ հարուցվել է քրեական գործ և կա մի քանի ձերբակալված, ովքեր կասկածվում են այս սպանության մեջ:
«Շատ ցավալի է, որ հունվարի 29-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով բանակը կորցրեց ևս մեկ զինվոր: Սպորտհրապարկում մենք գտանք Հայկազ Բարսեղյանի դին: Պարզվել է արդեն, որ տեղի է ունեցել սպանություն: Իմ հրամանով անց է կացվել ծառայողական քննություն, որի արդյունքում պարզվել են ռազմական ինստիտուտում թույլ տրված մի շարք բացթողումներ, որոնք իրականացվել են ստորաբաժանումների հրամանատարների կողմից: Քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ միջանձնային հարաբերությունների խախտման հետևանքով է տեղի ունեցել տվյալ դեպքը, և դեպքին նախորդել են ոգելից խմիչքների օգտագործման մի քանի փաստ, այնուհետև՝ վիճաբանություն, որը վերաճել է սպանության: Վիճաբանությունը եղել է զինվորական էթիկայի խախտման վերաբերյալ, որը թույլ են տվել կուրսանտները, որին մասնակցություն է ունեցել նաև Բարսեղյանը: Վիճաբանությունից հետո մի քանի կուրսանտ գիշերվա ժամին տեղի է ունեցել ծեծկռտուք, որից հետո անցել են ավելի խիստ պատժիչ գործողությունների, ինչի հետևանքով սպանվել է Բարսեղյանը: Մեղադրյալների մի շրջանակ արդեն ձերբակալված է»,- մանրամասնեց նախարարը՝ հավելելով, որ աշխատանքից ազատվել են հրամանատարներ, ովքեր հանդիսանում են պատասխանատու:
Նախարարի խոսքով՝ հետաքննության ընթացքում բացահայտվել են մի շարք խնդիրներ, որոնք կապված են ինչպես դաստիարակչական աշխատանքների հետ, այնպես էլ՝ վարեհսկողության հետ:
«Արդեն ազատվել է ինստիտուտի տնօրենը, կազատվեն նաև մոտ 30 այլ պաշտոնյաներ: Նրանք կամ ավելի ցածր պաշտոն կզբաղեցնեն, կամ՝ կտեղափոխվեն զորքեր»,- եզրափակեց նախարարը: