04/02/2015 09:22
Դրամն արժեվորելու համար բանկերը պետք է վարկեր տրամադրեն բացառապես դրամով
2015 թ. ծանր տնտեսական տարի է լինելու։ Դեռ տարեվերջից առևտրային շուկան, պայմանավորված դրամի արժեզրկմամբ և գնաճով, պասիվացավ, բանկերը դադարեցրին գործարքների մեծ մասը՝ սպառողական վարկեր, հիպոթեքներ, ավանդների խզման պայմանագրեր:
Ստեղծվեց մի իրավիճակ, որտեղ շարքային քաղաքացուց մինչև երկրի ֆինանսական կառույցներ սպասողական մարտավարություն որդեգրեցին:
ԵՊՀ տնտեսագիտության ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանը «Ժամանակի» հետ զրույցում նշել է, որ դրամն արժեվորելու և վարկային պորտֆելն իր ամբողջ ներուժով գործի դնելու համար պետք է պետական քաղաքականություն: «Տարիներ առաջ որոշում եղավ, որ բոլոր վարկերը պետք է տրամադրվեն դրամով, այս որոշմանը հետևեց տնտեսության աշխուժացումը: Այս նոր իրավիճակում եթե վարկերը տրամադրվեն դոլարով, տնտեսության զարգացման համար թույլ խթան կունենանք, դոլարիզացիայի ֆոնին դրամի արժեզրկումը կշարունակվի»,- ասել է տնտեսագետը:
Նրա խոսքով՝ բանկերը շահույթ հետապնդող կազմակերպություններ են, չնայած դրամով վարկերը կնվազեցնեն նրանց եկամտաբերությունն ու ռիսկերը կմեծացնեն, այնուամենայնիվ, դրամի արժեվորման տեսանկյունից վարկերը պետք է տրամադրվեն դրամով: Այսկերպ տնտեսությունը կկայունանա, դրամը նորից կարժեվորվի, շինարարության ոլորտը դուրս կգա ճգնաժամից, ու զբաղվածության մակարդակը կբարձրանա: