04/02/2015 17:29
Ն. Փաշինյան. Խախտվում է օրենքը, ե՞րբ Պերմյակովը կվերադարձվի ՀՀ իրավապահ մարմիններին
Ինչո՞ւ չի ապահովվել օրենքի իրականացում և ինչպես է Պերմյակովը ՀՀ տարածքով տարվել ռուսական ռազմաբազա: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` մեջբերելով «ՀՀ պետական սահմանի մասին» օրենքի այն դրույթը, ըստ որի, սահմանախախտները, սահմանային ռեժիմը խախտողները հանձնվում են ՀՀ իրավապահներին:
«Կվերադարձվի՞ Պերմյակովը ՀՀ իրավապահ մարմիններին: Թե մեր օրենսդրությունը, թե միջազգային պայմանգրերը սահմանում են, որ սահմանը խախտելու փորձ կատարած անձը պետք է հանձնվի ՀՀ իրավապահ մարմիններին: Հիմա ես հարց եմ տալիս` ինչու ձեր կառավարությունը չի ապահովել օրենքի հստակ կատարում»,- հետաքրքրվեց Ն. Փաշինյանը:
Արձագանքելով հարցին` Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հայտարարեց, որ այս պահին թե ՀՀ, թե ՌԴ իրավապահ մարմինների կողմից իրականացվում են առանձին հանցակազմերով գործերի քննություն:
Նրա խոսքով` քաղաքական, հուզական կամ այլ բնույթի հարցադրումները վտանգ են պարունակում խանգարելու իրավական ընթացակարգերը: Առկա է որոշակի համագործակցության ֆորմատ ՀՀ և ՌԴ համապատասխան մարմինների կողմից.
«Կառավարությունը հայտնում է իր պատրաստակամությունը իր լիազորությունների շրջանակում աջակցել խնդրի լուծման, որը կհամապատասխանի արդարության սահմանմանը»,- ասաց նախարարը:
Ն. Փաշինյանին չբավարարեց պատասխանը.
«Ոչ ոք չէր ակնկալում, որ դուք ԱԺ ամբիոնին մոտենաք ու քաղաքական կամ հուզական հայտարարություններ անեք: Հարցս հստակ է ինչո՞ւ ձեր կառավարությունը չի ապահովել օրենքի հստակ կատարում»,- շեշտեց նա:
Նախարար Մանուկյանը հստակեցրեց, որ հուզականն ու քաղաքականը Ն. Փաշինյանի հարցադրմանը չէին վերաբերում: Իսկ կառավարությունն անում է ամենը, որ բավարարի նաև հասարակությանը` արդարության հաստատման տեսանկյունից: