04/02/2015 12:27
Մինչև հուլիսի 1-ի հետաձգումն ընդունվեց. Ընդդիմությունը ձեռնպահ էր
«ԲՀԿ-ն քանիցս ասել է, որ ժամանակ ձգելը հարցի լուծում չէ, մենք փորձեցինք պայմանավորվել, որ շատ կարճ ժամկետում փոփոխություններ արվեն: Դեմ քվեարկել չենք կարող, կողմ նույնպես, այնպես որ ԲՀԿ-ն քվեարկելու է ձեռնպահ»,- նախքան «Շրջանառության հարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնության քվեարկությունը հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը.
«Մենք կողմ չենք կարող քվեարկել ժամանակ ձգելուն, ուստի ԲՀԿ-ն այս պահին կքվեարկի ձեռնպահ»,- նշեց նա:
«Ժամանակ ձգել հնարավոր չէ»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
ՕԵԿ-ն ու «Ժառանգությունը» ևս հայտարարեցին, որ ձեռնպահ են քվեարկելու և միայն ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ ՀՅԴ-ն կողմ է քվեարկում, որ նախագիծն անցնի` հարցի քննարկումը հետաձգվի մինչև հուլիսի 1-ը:
Ի պատասխան ընդդիմության ներկայացուցիչների հայտարարությունների ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հարց հնչեցրեց` իսկ նրանք արդյո՞ք մտածել են, թե ի՞նչ կլինի, եթե ՀՀԿ-ն էլ ձեռնպահ քվեարկի: Այսինքն` իրենց բոլոր մտահոգություններն ու առաջարկությունները, որ պետք է քննարկվեն մինչև նշված ժամկետը, ի՞նչ կլինի դրանց հետ:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ հայտնեց Կոնգրեսի դիրքորոշումը.
«Մենք, իհարկե, հասկանում ենք, որ եթե այս նախագիծն ընդունվի, ապա ստեղծված իրավիճակում դա ամենալավ լուծումն է, մենք դա հասկանում ենք: Բայց իշխանությունների անհետևողական, անսկզբունքային քաղաքականության համար մենք պատասխանատվություն չենք ուզում կրել»,- նշեց նա` ընդգծելով, որ ՀԱԿ-ը ևս կքվեարկի ձեռնպահ:
Արդյունքում հետաձգման մասին նախագիծն ընդունվեց 75 կողմ, 1 դեմ և 40 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: