05/02/2015 13:33
Փաստաբան. Հակոբ Հակոբյանը պատրաստ է փոխհատուցել իրեն առաջադրված մեղադրանքի 5 դրվագով
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը պատրաստ է փոխհատուցում անել իրեն առաջադրված 5 դրվագ մեղադրանքով: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հ. Հակոբյանի փաստաբան Կարեն Սարդարյանը` նշելով, որ մոտավոր հաշվարիկներով, խոսքը 80 մլն դրամի մասին է:
«Հ. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել 7 դրվագով, որից պատրաստ է 5 դրվագով փոխհատուցում տրամադրել, եթե դրանք ապացուցեվն դատարանում: Այստեղ ուշագրավ է այն, որ այդ կազմակերպությունները դեռևս 2014 թ. հոկտեմբերին դիմել էին դատարան և Հ. Հակոբյանը ասում է՝ թող դատարանը պարզի՝ արդյոք ես խուսափե՞լ եմ հարկերից, թե ոչ: Հ. Հակոբյանը բավականին թանկ գնահատվող գույք ունի, չի փորձել լքել Հայաստանը, ինքը հաշվապահների հետ պատրաստ է օգնել նախաքննությանը, և եթե այդ ակտերը իրավաչափ լինեն, ապա կփոխհատուցի, սակայն վստահ է, որ հարկային պարտավորություններ չունի»,- ասաց նա:
Հարցին՝ Հ. Հակոբյանը կարծիք հայտնել է իրեն այս պահին կալանավորելու որոշման դրդապատճառների վերաբերյալ, Կ. Սարդարյանը ասաց, որ ինքը պատասխանատու է միայն գործի իրավական կողմի համար:
Փաստաբանը ասաց նաև, որ պատրաստվում է Վերաքննիչ բողոք ներկայացնել Հ. Հակոբյանին կալանավորելու վերաբերյալ, նաև` իրավասու չէ «Հիշողություն» ֆիլմը կալանքի տակ վերցնելու լուրերի վերաբերյալ որևէ մեկնաբանություն տալ, քանի որ չի զբաղվում դրանով:
Նա նաև ասաց, որ այսօր Հ. Հակոբյանի առողջական վիճակի մասին տեղեկություն չունի, սակայն երեկ նրա առողջական վիճակը վատ է եղել:
Հիշեցնենք, որ երեկ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը բավարարել է Հարկային ծառայության քննիչի միջնորդությունը՝ երկու ամսով կալանավորելով Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին (Ճոյտ):
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) ձերբակալվել է ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է: