09/02/2015 10:53
Արտակ Խաչատրյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Երևանի բնակիչ Արտակ Խաչատրյանին առևանգելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2015թ. փետրվարի 7-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, մի խումբ անձինք, բռնության գործադրմամբ, Երևան քաղաքի Տոլստոյ փողոցում գտնվող «Ծղոտներ» ժամանցային կենտրոնի մոտակայքից առևանգել են Արտակ Խաչատրյանին:
Նկատի ունենալով, որ նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ` քննիչի կողմից քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առևանգելը):
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցանք կատարած անձանց ինքնությունը եւ շրջանակը պարզելու ուղղությամբ: