09/02/2015 13:49
Միքայել Մելքումյան. Սա չպետք է կուլ տալ
«Այս երկրում բեսպրեդել է կատարվում և սա հերթական բեսպրեդելն է: Մարդը որևէ բան չի խախտել, իր քաղաքացիական պարտքն է կատարել: Բայց եթե որևէ մեկը կամ որոնք մտածում են, որ սրանով մեզ պետք է վախեցնեն, ապա չարաչար սխալվում են: Սրան պետք է լինի քաղաքական հակահարված. Մենք պետք է կարողանանք երկիրը կարգին երկիր դարձնել»,- Կառավարության շենքի դիմաց ընթացքող «Բոլորս Արտակ ենք» բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքով` սա չպետք է կուլ տալ: Ուժերը կմիավորվեն, հասարակական լայն համախմբումը արդեն միս ու արյուն է ստացել, ինչի անհրաժեշտության մասին խոսվում էր աշնանը և հիմա միասին ճանապարհ ենք անցնելու.
«Մենք ձեզ հետ անպայման հաջողություն ենք ունենալու»,- հավելեց իր ելույթը Մ. Մելքումյանը` ևս մեկ անգամ հորդորելով իրավապահ մարմիններին շուտափույտ բացահայտել բռնության բոլոր մեղավորներին: