09/02/2015 14:58
Ն. Զոհրաբյան. Պահանջելու ենք բազմաթիվ հրաժարականներ
Մեր բոլորիս նպատակը մեկն է` հնարավորինս սեղմ ժամկետում, ապահով հռչակված Հայաստանում բացահայտել այս զազրելի հանցագործությունը: Այս մասին «Բոլորս Արտակ ենք» բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը.
«Այս զազրելի հանցագործության բացահայտումը նաև Ոստիկանության ու իրավապահ համակարգի արժանապատվության խնդիրը պետք է լինի: Մենք պահանջում ենք կարճ ժամկետում բացահայտել թե կատարողներին, թե պատվիրողներին: Այս հանցագործությունը որևէ անձնական մոտիվացիա չունի, միայն մեկ մոտիվացիա ունի` կապված Արտակ Խաչատրյանի հանրային գործունեության հետ»,- հայտարարեց պատգամավորը:
Նա նշեց, որ այն, ինչ վերջին շրջանում տեղի է ունենում Հայաստանում, ցույց է տալիս, որ ոչ թե իշխանությունների հռչակած ապահով Հայաստանն է սա, այլ գանգստերական, բանդիտական Հայաստանն է.
«Այս ամենի միակ պատասխանատուն քաղաքական իշխանությունն է, իրենք են կրում այս ամենի պատասխանատվությունը: Եվ եթե շատ կարճ ժամկետում չբացահայտվի այս խայտառակ հանվագործությունը, ապա պահանջվելու են բազմաթիվ հրաժարականներ»,- շեշտեց Ն. Զոհրաբյանը` ավելացնելով, որ սա Սիցիլիան չէ, այս երկրի տերը բազմահազար քաղաքացիներն են.
«Չեք մարսելու. Բացահայտում կամ հրաժարական»,- հայտարարեց Ն. Զոհրաբյանը` հորդորելով բողոքի ակցիայի մասնակիցներին վանկարկել այդ պահանջը: