10/02/2015 12:46
Ճոյտը երեկ գիտակցությունը կորցրել է. Նրա վիճակը վատացել է
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը երեկ գիտակցությունը կորցրել է, նրա առողջական վիճակը վատ է: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հ. Հակոբյանի որդին` Արմեն Հակոբյանը:
«Նա ճնշման, սրտի ու գլխի հետ կապված խնդիրներ է ունեցել, երեկ էլ վիճակը վատացել է, գիտակցությունը կորցրել է: Այսօր նրա ծննդյան օրն է, հուսով եմ, կկարողանամ հանդիպել նրա հետ»,- ասաց Ա. Հակոբյանը:
Նա հրաժարվեց պատասխանել հարցին՝ իր հորը կալանավորելը ինչի՞ հետ է կապում, նշելով, որ մինչև այսօր հորը որևէ անգամ չի տեսել և ադ թեմայով նրա հետ չի խոսել:
Նշենք, որ նախօրեին Հակոբ Հակոբյանի կալանավորելու որոշման հետ կապված Վերաքննիչ բողոք է ներկայացվել:
Ավելի վաղ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը բավարարել է Հարկային ծառայության քննիչի միջնորդությունը՝ երկու ամսով կալանավորելով Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին (Ճոյտ):
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Հ. Հակոբյանի փաստաբան Կարեն Սարդարյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ Հ. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել 7 դրվագով, որից պատրաստ է 5 դրվագով փոխհատուցում տրամադրել: