11/02/2015 16:23
Հ. Ղազանչյան. Թատրոնի խնդիրները միայն ֆինանասական բնույթ չեն կրում
Երկար տարիներ սպասում ենք թատրոնի մասին օրենքին, բայց այն անհասկանալի պատճառներով հետաձգվում է: Այսօր այս մասին հրավիրված մամլո ասուլիսում հայտարարեց Թատերական գործիչների միության նախագահ, Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը:
Նա ընդգծեց, որ թեև օրենքի ընդունման մասին բազմիցս քննարկումներ են եղել և ամեն անգամ թվում է, թե բան չի մնացել նախագծի ընդունմանը, սակայն օրենքն այդպես էլ չի ընդունվում:
«Անհասկանալի պատճառներով այն անհետանում է տեսադաշտից, մինչդեռ օրենքը պարտադիր է»,- ասաց նա:
Ըստ Ղազանչյանի՝ թատրոնում խնդիրները միայն ֆինանասական բնույթ չեն կրում: Նրա խոսքով՝ գերխնդիրը այսօր էլ շարունակում է մնալ ստեղծագործական որակը: Թատրոնի գեղարվեստական ղեկավարի հավաստմամբ՝ այսօր շատ թատրոններում թատրոնի կառավարման սկզբունքները համակարգված չեն, ինչն էլ, ըստ նրա, դառնում է մի շարք խնդիրներ պատճառ:
Անդրադառնալով մարզային թատրոններին՝ Թատերական գործիչների միության նախագահն ընդգծեց, որ մարզային թատրոնները սարսափելի վիճակում են:
«Մարզային թատրոնների տնօրեններն այնպիսի մարդիկ են, ովքեր բոլորովին կապ չունեն թատրոնի հետ: Հայասանում այսօր դրամատուրգիան կայացած չէ»,- հավելեց նա: