12/02/2015 15:20
Վարչապետ. Բիզնեսը պետք է զերծ պահել բյուրոկրատական քաշքշուկից
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական բաժնից:
ՀՀ կառավարության նիստում հավանություն ստացած օրենսդրական երկու նախաձեռնությունները միտված են գործարար միջավայրի բարելավմանը: Որոշման նախագծերը ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխման խորհրդի առաջարկով պատրաստել էր կառավարության աշխատակազմի «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկը: Նախ հավանության է արժանացել «Թանկարժեք մետաղների մասին», «Լիցենզավորման մասին» և ևս երկու օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության համար տրվող արտոնագիրը վերացնել և փոխարինել մեր երկրում առաջին անգամ կիրառվող ծանուցման գործընթացով:
Դրա շնորհիվ տնտեսվարող սուբյեկտների ծախսը կնվազի ավելի քան 80 տոկոսով: Հաջորդ որոշմամբ հավանություն է տրվել «Առևտրի և ծառայությունների մասին», «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին» և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունման դեպքում կբարելավվեն գործարարության ծավալման պայմանները, կկրճատվի տնտեսվարող սուբյեկտների ծախսը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է նշված գործընթացների պարզեցումը և հանձնարարել «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկի ղեկավարությանը շարունակել բիզնեսի համար դյուրին պայմաններ ստեղծելու գործընթացը, որպեսզի հնարավորինս կրճատվեն բյուրոկրատական քաշքշուկն ու թղթաբանությունը:
Նշված օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով: