13/02/2015 20:59
Հատուկ նախագիծ՝ «Հայոց ցեղասպանություն. Կոտրելով լռությունը». «100 դուռ՝ 100 աղոթք»
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Aysor.am-ը ներկայացնում է հատուկ նախագիծ, որի շրջանակներում կանդրադառնանք այս օրերին իրականացվող մշակութային նախագծերին:
Այսօր զրուցել ենք «100 դուռ» լուսանկարչական նախագծի հեղինակ, ռեժիսոր Խաչիկ Եղոյանի հետ:
Նախագծով նախատեսված է Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ լուսանկարել ՀՀ տարածքում՝ այդ թվում Արցախում, Ջավախքում և Արևմտյան Հայաստանում տեղակայված հարյուր եկեղեցիների ու վանական համալիրների դռները:
-Խաչիկ, նախ ներկայացրեք՝ ի՞նչ թիմով եք իրականացնում նախագիծը:
-Ես՝ որպես նախագծի հեղինակ, համահեղինակն ու լուսանկարների հեղինակը՝ ընկերս՝ լուսանկարիչ Ռուբեն Մարտիրոսյանը և մեկ մարդ վիդեոօպերատոր է: Խումբն իրականում փոքր է: Հետագայում նկարահանումների ընթացքի մասին փոքրիկ ֆիլմ կպատրաստվի: Բացի այդ պետք է ասեմ, որ երբ մեկնում ենք նկարահանումների մեզ միանում են նաև քաղաքացիներ, ովքեր պարզապես ցանկանում են ինչ-որ կերպ աջակցել: Մենք իրենց նվիրում ենք նախագծի անունով հատուկ շապիկներ, որով ավելի լսելի ենք դարձնում մեր գաղափարը:
-Հետաքրքիր է, ինչու՞ հենց եկեղեցիների 100 դռներ: Ինչպե՞ս է ծնվել լուսանկարների այս շարքի գաղափարը:
-Ես մասնագիտությամբ ռեժիսոր եմ, բեմադրում եմ համերգներ, նկարահանում փոքրիկ վավերագրական ֆիլմեր, տեսահոլովակներ: Մի խոսքով՝ ստեղծագործող մարդ եմ ու որ ամենակարևորն է՝ հավատացյալ: Իրականում այս նախագծի գաղափարը շատ պատահական ծնվեց: Մի օր Էջմիածին քաղաքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում էի նստած, իսկ սա, ի դեպ, իմ ամենասիրելի եկեղեցիներից մեկն է: Եղանակը շատ լավն էր և արևի լույսը գեղեցիկ ստվեր էր ստեղծում տաճարի դռան վրա: Որպես ռեժիսոր այդ տեսարանը միանգամից ինձ գրավեց: Հեռախոսով նկարեցի ու ստացված նկարին երկար նայելուց հետո հասկացա՝ չգիտեմ դա ներքին զգացողություն էր, ներքին ձայն էր, բայց հենց այդ ժամանակ հստակ որոշեցի, որ պետք է 100 եկեղեցու դուռ նկարեմ: Դա դեռ 2012 թվականն էր: Հետագայում որոշեցինք, որ ցուցահանդեսը կպատրաստենք Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Գիտեք պատմությունն էլ ցույց է տվել, որ մարդկությունն ու հատկապես մեր ժողովուրդը, ուժեղ է իր համախմբվածությամբ: Այս ցուցադրությունն էլ համախմբման ու ուխտագնացության նման մի բան է լինելու: Շատ մարդիկ, միգուցե իրական կյանքում չեն կարող կամ չեն այցելում այդ եկեղեցիներ, իսկ այսպես կարծես թե կանցնեն այդ 100 եկեղեցու շեմով:
-Խաչիկ, ասացիք որ նախագծի համար լուսանկարելու եք նաև Արևմտյան Հայաստանում գտնվող եկեղեցիները:
-Այո, դա հատուկ որոշված էր: Արևմտյան Հայաստան նկարահանումների համար կմեկնենք, ամենայն հավանակությամբ, փետրվարի վերջին: Բացի այդ, հավանաբար ամռանը, «100 դուռ» լուսանկարների ցուցահանդեսը պարտադիր լինելու է նաև Ստամբուլում: Ուզում եմ մարդիկ հասկանան, որ սա ուղղակի ինքնանպատակ ցուցահանդես չէ: Սա գաղափար է, ուխտ է ինձ համար՝ նկարելու ընթացքում, ու բոլոր այցելուների համար, ովքեր կտեսնեն արդեն պատրաստ լուսանկարներն արդեն ցուցահանդեսի ժամանակ:
-Ինչ եք կարծում, Արևմտյան Հայաստանում նկարահանումների ընթացքում խոչընդոտներ չեն լինի՞: Հատկապես, երբ հասկանալի լինի, թե ինչ նպատակով են դրանք արվում:
-Ես չեմ սիրում անիմաստ հերոսություն խաղալ, ու այնպես չէ, որ իմ նկարահանումներն այնտեղ հերոսություն են լինելու:
-Իսկ ցուցահանդեսի՞ մասով: Կարծում եք, այն կընկալվի՞ թուրք հասարակության կողմից:
-Պետք է ասեմ, որ այսօր մենք հասել ենք նրան, որ Թուրքիայում կան շատ մարդիկ, ովքեր հայերի կողքին են, ովքեր գիտեն ու ընդունում են եղելությունը: Այս դեպքում ևս՝ կարծում եմ տեղի հայ համայնքից բացի, նրանք ևս կլինեն մեր կողքին:
-Եթե վերադառնանք 100-ամյա տարելիցին: 1915 թվականին՝ դրան նախորդող ու հաջորդող տարիներին, ակտիվորեն տեղի էր ունենում նաև, այսպես ասած «մշակութային ցեղասպանություն»: Կարո՞ղ ենք ասել, որ իրականացվող մշակութային բազմաբնույթ նախագծերն ինչ-որ տեղ սրա մասին էլ են փորձում բարձրաձայնել:
-Այստեղ խնդիրն առաջին հերթին, իհարկե, մշակութային չէ: Մարդկությունը պետք է դատապարտվի այն, ինչ եղել է: Հակառակ դեպքում՝ նույն ոճիրը կարող է տեղի ունենալ շատ ու շատ այլ ազգերի հանդեպ: Դատապարտումն ու հատուցման հասնելն այսօր մեր առաջնային խնդիրներն են՝ մշակույթը կարող է այս նպատակները բարձրաձայնող միջոց լինել:
Իսկ առհասարակ, կարծում եմ, մեր արտաքին քաղաքականությունը զբաղվում է հարցով ու, ըստ իս, շատ լավ է զբաղվում: Ընդ որում, խնդիրն այստեղ 100-ամյա տարելիցը չէ: Սա թիվ է, տարի, որ կանցնի: Աստված տա, մարդկանց հոգիներում այնքան ուժ ու մարդասիրություն լինի, որ վերջիվերջո, հրաշք կատարվի ու մեզանից ներողություն խնդրեն: Բայց, եթե 100-ամյա տարելիցին էլ հրաշք չկատարվի, անգամ եթե էլի 100 տարի անցնի՝ միևնույն է մենք պիտի պայքարենք արդարության համար, պիտի հասնենք դրան ու հասնելու ենք:
-«100 դուռ» ցուցահանդեսը ե՞րբ հասանելի կլինի Երևանում:
-Նախատեսում ենք այն բացել մարտ ամսին, կամ՝ ապրիլին: Այնպիսի ժամանակահատված ենք ցանակնում ընտրել, որ անպայման ընդգրկվի հենց ապրիլի 24-ը:
Ես էլ որպես հեղինակ ցանականում եմ բոլորին հրավիրել: Հրավիրել բոլոր այն մարդկանց, ովքեր գիտեն սիրել: Բոլորս, երբ իրար սիրենք կլինենք համախմբված և ուժեղ, թող սա ուխտ դառնա և այդ օրերին համատարած աղոթքը տիրի, քանի որ սրտանց հավատքն ու աղոթքը իսկապես կարող են հրաշքներ գործել:
Նախագիծը պատրաստվել է ՀՀ Կառավարության աշխատակազմի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի աջակցությամբ: