13/02/2015 18:45
Հնարավոր ծայրահեղ զարգացումների ամբողջ պատասխանատվությունը ընկնում է անձամբ Սերժ Սարգսյանի վրա
«Ժառանգություն» կուսակցության վարչությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.
««Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է կեղծված ընտրությունների արդյունքում ՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի հայտարարությունը, Հայաստանի ներքաղաքական կյանքի և, մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչեցրած ոչ քաղաքական և անձը վիրավորող արտահայտությունները:
Դե ֆակտո Սերժ Սարգսյանն իր այս հայտարարությամբ ավելի է սրում իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում՝ առանց այդ էլ երկրում ստեղծված բավականին լարված մթնոլորտը: Գործող նախագահի ելույթի հետևանքով ներքաղաքական կյանքում հնարավոր ծայրահեղ զարգացումների ամբողջ պատասխանատվությունը ընկնում է իշխող «մեծամասնության» և անձամբ Սերժ Սարգսյանի վրա:
«Ժառանգություն» կուսակցությունը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, պայքարելու է քաղաքական և քաղաքացիական ազատությունների համար՝ հետամուտ լինելով պետականության ամրապնդման և հասարակության շահերի պաշտպանությանը»: