16/02/2015 17:17
Զ. Փոստանջյան. Հայաստանը պետք է իր ստորագրությունը հետ կանչի հայ-թուրքական արձանագրությունների տակից
«Ազգային ժողովի օրակարգից այդ փաստաթուղթը հետ է կանչվել, բայց սա իհարկե հարցի լուծում չէ, որովհետև ցանկացած պահին այն նորից կարող մտնել օրակարգ ու ըստ համապատասխան ընթացակարգի ու հրահանգի նաև ընդունվել: Սա ուղղակի ինչ-որ մի փոքր նահանջ է, բայց լիարժեք չի լուծում հարցը»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը` մեկնաբանելով հայ-թուրքական արձանագրությունները երկրի խորհրդարանի օրակարգից հետ կանչելու ՀՀ նախագահի որոշումը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ տեղեկացրել էինք, որ այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին` արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու որոշմամբ:
Զ. Փոստանջյանը, ով ամեն ԱԺ նստաշրջանի մեկնարկին տարիներ շարունակ բարձրացնում էր այս պահանջը, նշեց, որ սա դեռ հարցի լուծում չէ, քանի որ Հայաստանը պետք է իր ստորագրությունը հետ կանչի հայ-թուրքական արձանագրությունների տակից:
Հարցին` երկար սպասված ու քաղաքական որոշ շրջանակների կողմից պահանջված գործընթացի ողջունելի սկիզբ սա կարո՞ղ է համարել, Զ. Փոստանջյանն ասաց, որ ողջունելի սկիզբը այն կլինի, երբ ՀՀ Ազգային ժողովը կճանաչի Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանից, հայերի տարածքների օկուպացիայի և մեծ հայրենազրկման դատապարտումը.
«Այսինքն՝ մենք պետք է հետևողական քայլեր անենք մեր իրավունքների իրացման հարցում, իսկ տվյալ դեպքում այդպիսի օրինակի միջոցով նաև մենք պետք է հասկացնենք Թուրքիային, որ ինքներս ունենք իրենց առջև դրվող պահանջներ, որոնցից մեկը հենց Թուրքիայի Հանրապետության կողմից հայ տարածքների օկուպացիայի դատապարտումն է»,- ասաց նա` հիշեցնելով, որ իր` «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» օրենքի նախագիծը ՀՀ Կառավարությունը բոլորովին օրերս մերժեց: