16/02/2015 20:26
Հայտնի է Եվրատեսիլ-2015-ում Հայաստանը ներկայացնող մասնակիցներից մեկը. Լուսանկարներ, տեսանյութ
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայանա «Genealogy» խմբով: Խմբի 6 մասնակիցներից առաջինը ֆրանսահայ ճանաչված երգիչ Եսայի Ալթունյանն է, ով ներկայացնում է Եվրոպա աշխարհամասը: Այս մասին տեղեկանում ենք Հանրային հեռուստաընկերության մամուլի ծառայությունից:
Եսայի Ալթունյանն իր թովիչ ձայնով գերել է ողջ Եվրոպան: Նա նաև երգահան է, դաշնակահար և դերասան: Եսայիի համար երաժշտությունը մարդկանց և նրանց սրտերը միավորելու միջոց է, համամարդկային լեզու, խաղաղության կոչ, որն ուրախությամբ է լցնում մարդկանց սրտերն ու հոգիները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությունը հայտնել էր, որ «Genealogy» խումբը համախմբելու է 1915 թ-ին աշխարհի 5 աշխարհամասերում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 6 արտիստներ են` իրենց 6 ճակատագրերով, բայց 1 պատմությամբ:
Ներկայացվելիք երգի վերնագիրն է՝ «Don’t deny» («Մի՛ ժխտիր»):
Նշենք, որ «Genealogy» խմբի երկրորդ մասնակցի անունը հայտնի կդառնա փետրվարի 20-ին:
Մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին և 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Մրցույթին կմասնակցի 40 պետություն:
Եսայի Ալթունյան երգերից մեկին կարող եք ծանոթանալ տեսանյութում: