16/02/2015 18:27
Թուրքագետ. Արձանագրությունների անորոշ ճակատագրից օգտվում էր միայն միջազգային հանրությունը
Հայ-թուրքական արձանագրությունները նոր չէ, որ պետք է հետ կանչվեին: Դրան էին ձգտում նաև ինչ-ինչ ուժեր, որոնք հասան իրենց նպատակին: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը՝ մեկնաբանելով հայ-թուրքական արձանագրությունները երկրի խորհրդարանի օրակարգից հետ կանչելու ՀՀ նախագահի որոշումը:
«Տարիներ շարունակ այս թեման շահարկվել է, բայց հետ չեն կանչվել դրանք: Իրականում թուրքական կողմն այն սառեցրել էր, որպեսզի հետագայում հայտարարեր դրանց դեմ լինելու մասին, սակայն Հայաստանը դա ավելի շուտ արեց»,- ասաց թուրքագետը՝ նշելով, որ Հայաստանը պետք է քայեր ձեռնարկի, որպեսզի սա շահարկման թեմա չդառնա:
Թուրքագետը նկատեց, որ միջազգային այն ուժերը, որոնք հայ-թուրքական արձանագրությունների մոլուցքով էին տարված, այսպես թե այնպես, քայլեր էին ձեռնարկում արձանագրությունները վիժեցնելու ուղղությամբ, և այսպես թե այնպես, պետք է այդ արձնագրությունները հանգեին վիժեցման: «Այդ նախապայմաններն էլ իրենց հերթին պետք է հավասարության նշան դնեին Հայաստանի ու Թուրքիայի միջև: Ուստի սա շատ կարևոր քայլ էր Հայաստանի համար»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքն ի սկզբանե դեմ է եղել այդ արձանագրությունների վավերացմանը:
Ինչ վերաբերում է միջազգային արձագանքին, թուրքագետը նշեց, որ հայ-թուրքական արձանագրությունների անորոշ ճակատագրից օգտվում էր միայն միջազգային հանրությունը, որով ճնշում էր գործադրում Թուրքիայի վրա: «Ամեն անգամ ԵՄ-ն և ԱՄՆ-ը, չկարողանալով ճնշումներ գործադրել Թուրքիայի վրա, հիշեցնում էին, որ հայ-թուրքական արձանարությունները ձախողված են: Կարծում եմ՝ ժամանակն էր, որպեսզի Թուրքիայի նախապայմանները մերժող Հայաստանի և Հայաստանի նախապայմանները չընդունող Թուրքիայի միջև հավասարության նշան դրվեր, ուստի նման որոշում ընդունվեց»,- ասաց նա:
Ըստ թուրքագետի՝ այդ ուժերն այնքան ճնշում գործադրեցին, որ նույնիսկ նրանք չհասկացան, թե ինչ տեղի ունեցավ իրականում: Թուրքագետի խոսքով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նման որոշումը սպասելի էր, որն իրականում անակնկալ չէր ոչ մեկի համար:
«Նախագահն ինքն էլ չիմանալով, թե ինչ ճակատագիր է սպասվում այդ արձանագրություններին, դրանք հետ կանչեց և անվավեր ճանաչելու որոշում ընդունեց: Պարզապես մտավախություն ունեմ, որ Թուրքիայի կողմից այս թեման Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կշահարկվի: Քանի գնում ապրիլը մոտենում է, իսկ զարգացումներն ավելի են հետաքրքրանում: Անշուշտ, Թուրքիան այս հանգամանքը ավելի կմասսայականացնի, միջազգային հնչեղություն կհաղորդի, ինչը Հայաստանին կվնասի միայն»,- ասաց նա: