17/02/2015 09:16
Ծառուկյանին շուտափույթ զրկում են մանդատից, որ ձերբակալե՞ն
«Հայկական ժամանակը» գրել է. «Ականատեսները վկայում են, որ Գագիկ Ծառուկյանի հայտնի առանձնատան շուրջ անվտանգության բացառիկ միջոցառումներ են ձեռնարկված։ Ծառուկյանին խորհուրդ են տվել հնարավորինս քիչ դուրս գալ տնից՝ սադրանքներից խուսափելու համար։ Իսկ ԱԺ միջանցքներում խոսում են, որ Ծառուկյանին մանդատից զրկելու հետ կապված թղթեր են նախապատրաստվում։ Ու այստեղից բնական հարց է ծագում, եթե իշխանության խնդիրը Ծառուկյանի շուտափույթ ձերբակալությունը չէ, ինչո՞ւ են նրան շուտափույթ ուզում զրկել պատգամավորական մանդատից։ Ամեն դեպքում պրոցեսները Հայաստանում մտել են անկանխատեսելիության փուլ։ Ամեն րոպե կարող է ինչ-որ կարևոր, նույնիսկ շրջադարձային բան տեղի ունենալ։ Ու չնայած հիմա նախահարձակ կողմը Սերժ Սարգսյանն է, ու Ծառուկյանը, ըստ էության պաշարված է սեփական առանձնատանը, ստեղծված իրավիճակից հաղթանակած դուրս գալու՝ կողմերի հնարավորությունները պետք է հավասար գնահատել։
Շատերը համարում են, որ եռյակը ուշանում է իր գործողություններում և ժամանակն աշխատում է Սերժ Սարգսյանի օգտին։ Սա կարող է և ճիշտ գնահատական լինել, և սխալ։ Եթե եռյակն ուշանում է, որովհետև այնքան էլ լավ չի պատկերացնում իր անելիքը, դա, իհարկե, թուլացնում է նրա շանսերը։ Բայց եթե հստակ գիտի իր անելիքը և հանդարտ շարժվելը նրա մարտավարության մասն է, ուրեմն սա մի փոքր փոխում է իրավիճակը։ Ոմանք պնդում են, թե ԲՀԿ-ն ու իր համակիրները Սերժ Սարգսյանի վարչական լծակների դեմ ոչ մի շանս չունեն։ Սա, իհարկե, օբյեկտիվ գնահատական չէ, որովհետև ակնհայտ է, որ ԲՀԿ-ն և Գագիկ Ծառուկյանը կարող են ահռելի մասսաներ կոնսոլիդացնել, որոնց դեմ ուժային լծակներն ուղղակի անօգուտ են։ Սա իսկապես խնդիր չէ Ծառուկյանի և եռյակի համար։
Խնդիրը բոլորովին ուրիշ բան է։ Կկարողանա՞ նա ճիշտ ուղղորդել մարդկանց էներգիան, իշխանափոխության մղումը, թե ժողովրդական զանգվածների հերթական հիասթափության պատճառը կդառնա։ Ծառուկյանի համար իսկական վտանգը Սերժ Սարգսյանն ու նրա ուժային լծակները չեն, այլ իշխանափոխության ձգտող զանգվածների հիասթափությունը»։