18/02/2015 17:46
Վաղը նշանակված է Ճոյտի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի առողջական վիճակը շարունակում է վատ լինել, նրան անհրաժեշտ է տեղափոխել հիվանդանոց: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հ. Հակոբյանի փաստաբան Կարեն Սարդարյանը:
«Վաղը նշանակված է Հ. Հակոբյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը: Բացի այդ, դիմել ենք մեկուսարանի տնօրենին, քանի որ Հ. Հակոբյանը ունեցել է առողջական խնդիրներ, մասնավորապես, սրտի, արյան ճնշման հետ կապված, անգամ վիրահատություն են խորհուրդ տվել, իսկ ձերբակալությունից հետո այդ խնդիրները սրվել են: Նրա համար դրսից բժիշկներ ենք հրավիրել, ասել են, որ Հ. Հակոբյանին անհրաժետ է տեղափոխել հիվանդանոց, հիմա սպասում ենք մեկուսարանի տնօրենի պատասխանին»,-ասաց փաստաբանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հ. Հակոբյանի կալանավորելու որոշման հետ կապված Վերաքննիչ բողոք է ներկայացվել:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը բավարարել է Հարկային ծառայության քննիչի միջնորդությունը՝ երկու ամսով կալանավորելով Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին (Ճոյտ):
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Հ. Հակոբյանի փաստաբան Կարեն Սարդարյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ Հ. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել 7 դրվագով, որից պատրաստ է 5 դրվագով փոխհատուցում տրամադրել: