19/02/2015 16:13
Վարչապետն ու ֆինանսների նախարարն արդյունավետ կպայքարեն կոռուպցիայի դեմ
Այսօր կառավարության նիստում ընդունվեց կոռուպցիայի դեմ պայքարի համար հանձնաժողով ստեղծելու առաջարկությունը: Նիստից հետո լրագրողները արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանից հետաքրքրվեցին, թե տարբերվելու է ներկա հանձնաժողովը նախկին հանձնաժողովից, որը ստեղծվել էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ժամանակ, նախարարը նախ նշեց, որ փորձել են խորհուրդի կազմն ավելի ներկայացուցչական դարձնել և քաղաքացիական հասարակության, ինչպես նաև ԱԺ ընդդիմադիր պատգամավորների ներկայությունն ապահովել այնտեղ, նաև փորձել են այս հանձնաժողովի գործունեության մեխանիզմներն ավելի արդյունավետ, ճկուն դարձնել և հնարավորություն տալ հարցերն ավելի պատրաստված ներկայացնել:
«Հանձնախումբ պետք է գործի, որպեսզի խորհուրդը կարողանա ճիշտ վերլուծություններ կատարել և համապատասխան որոշումներ ընդունել, որոնք հետագայում պետք է ռեալիզացվեն համապատասխան իրավական ակտերի տեսքով»,- ասաց նա:
Հարցին, թե նախորդ հանձնաժողովը սխա՞լ վերլուծություն էր կատարում, Հ. Մանուկյանը պատասխանեց, որ կոռուպցիայի դեմ պայքարն ավելի արդյունավետ պետք է դարձնել. «Եթե դուք հիշում եք կառավարության գործունեության ծրագիրը, ապա այնտեղ հատուկ դրույթներ կան նաև այս ուղղությամբ: Մասնավորապես, կետ կա բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործիքակազմն ու իրավասություններն ընդլայնելու տեսանկյունից, ինչը հնարավորություն կտար բացահայտել չհիմնավորված հարստացման դեպքերը և վեր հանել շահերի բախման երևույթները, ինչը կոռուպցիայի դեմ պայքարի, կոռուպցիոն ռիսկերի հայտնաբերման, գնահատման և դրանց դեմ համապատասխան գործողություններ իրականացնելու կարևոր գործիք է»:
Իսկ թե ի՞նչ է անելու այս հանձնաժողովը, որը չի արել նախկինը, նախարարը պատասխանեց, որ պայքարը պետք է ավելի արդյունավետ ու ակտիվ իրականացվի:
«Կոռուպցիայի դեմ պայքարելու համար քաղաքական կամք պետք է լինի»,- հայտարարեց արդարադատության նախարարը: