19/02/2015 17:24
Կառավարությունը Որոտանի գործարքին վերջնական հավանություն տվեց
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ առուվաճառքի պայմանագրի վերջնական տեսքին:
Այսպիսով, գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր 2013թ. նոյեմբերի 21-ի «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ գույքի առուվաճառքի պայմանագրին հավանություն տալու մասին» որոշման մեջ և հավանություն տվել բարեփոխված և կողմերի իրավահարաբերություններն առավել հավասարակշռված եղանակով կարգավորելու նպատակով էապես լրամշակված պայմանագրին:
Ըստ կառավարության հիմնավորման` 2014 թվականի հունվարի 29-ին կնքվել է Որոտանի Հիդրոէլեկտրակայանների Համալիր» ՓԲԸ-ի գույքի առուվաճառքի պայմանագիրը: Պայմանագիրը կնքելուց հետո գույքի վերջնական հանձնում տեղի չի ունեցել և գործարքը չի ավարտվել, քանի որ կողմերը վերսկսել են բանակցությունները և քննարկել են պայմանագրի որոշակի դրույթներ, որի արդյունքում կողմերը որոշում են կայացրել պայմանագրում կատարել փոփոխություններ և վերաձևակերպել որոշ դրույթներ:
Նշենք, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը լիազորություն է ստացել կառավարության անունից ստորագրել նշված փաստաթուղթը: