19/02/2015 18:06
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը կարգավորում է անձնական տվյալների պաշտպանության իրավակարգավորումները
Աժ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր նախաձեռնել էր «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ: Նախագիծը, հիշեցնենք, արդեն մեկ անգամ քննարկվել է հանձնաժողովում և լիագումար նիստում: Հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի ընթացքում հարցը քննարկելիս եղել են բազմաթիվ հարցադրումներ պատգամավորների կողմից, ինչպես նաև առաջարկվել է կազմակերպել խորհրդարանական լսումներ` նախագիծն ավելի լայն ու ընդգրկուն ներկայացնելու և արդյունավետ աշխատանք իրականացնելու համար:
ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ խորհրդարանական լսումների ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը նշել է, որ «Անհատական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ գործող օրենքը չի կարգավորում մարդու անձնական տվյալների պաշտպանության իրավակարգավորումները և մեխանիզմները, որոնց բացակայությունն առաջացնում է բազմաթիվ խնդիրներ իրավունքների իրացման և պաշտպանության առումով:
Նա նշել է նաև, որ օրենքի նախագիծը բացի այն, որ սահմանում է անձնական տվյալների և դրանց մշակողների մասին հիմնական հասկացությունները, կարգավորում է նաև իրավունքի պաշտպանության եղանակներն ու պահանջները:
Օրենքի նախագիծը, ըստ Արսեն Մկրտչյանի, հիմնական պահանջներ է ներկայացնում անձնական տվյալներ մշակողների նկատմամբ, ինչպես նաև այն բոլոր միջոցների, որոնցով օգտագործվում կամ մշակվում են դրանք: Նախագծում նաև նախատեսված է անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ստեղծում, որը կոչված է ապահովելու անձնական տվյալների մշակման համակարգը, քանի որ այն, ըստ նախագծի, ունի պարտավորություններ` ներկայացնելու անձնական տվյալների մշակման լավագույն փորձը:
Պաշտոնյան վստահեցրել է, որ այս մարմինը ոչ միայն պետք է հետևողական աշխատանք կատարի, այլ նաև խրախուսի ու զարգացնի անձնական տվյալների պաշտպանության փորձը:
Կառավարության ներկայացրած օրենքի նախագծի քննարկման ընթացքում պատգամավորներն առաջ են քաշել մի շարք խնդիրներ և համատեղ քննարկման արդյունքում ստացել դրանց պատասխանները: Արդարադատության նախարարի առաջին տեղակալն առաջարկել է շարունակել համատեղ քննարկումներն ու կարծիքների փոխանակությունները` առավել նպատակադրված արդյունք ստանալու համար: