21/02/2015 16:23
Սերժ Սարգսյանն այցելեց Կոտայքի մարզի ջերմոցային տնտեսություն
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր: Նախագահն այցելեց Ձորաղբյուր համայնքում գտնվող «Մավաս գրուպ» ՍՊԸ-ին պատկանող ջերմոցային տնտեսություններ, ծանոթացավ ընկերության կողմից իրականացված ներդրումային ծրագրերին, արտադրական հզորություններին:
Շրջայցի ժամանակ ՀՀ նախագահին ուղեկցում էին ՀՀ գյուղնատեսության նախարար Սերգո Կարապետյանը, Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
«Մավաս գրուպ» ընկերության հիմնադիր տնօրեն Արմենակ Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց «Մավաս գրուպ» ընկերության հիմանդրման պատմությանը, ջերմատներում աճեցվող լոլիկի և վարունգի առանձնահատկությունները:
Նա նաև նշեց, որ հատկապես Կոտայքի մարզի բնակլիմայական պայմանենրը նպաստավոր են ջերմոցային տնտեսությունների համար, քանի որ արևոտ օրերի քանակը շահեկանորեն առանձնանում է:
Ընկերությունը նախ ուներ 5 000 քմ ջերմոցյաին տնտեսություն, որը գործում էր ոչ հոլանդական տեխնոլոգիաներով, սակայն 2012թ-ից հետո ինչպես հին, այնպես էլ նոր ջերամոցային տնտեսությունները համալրվել են նորագույն տեխնոլոգիաներով:
Ա. Մկրտչյանը հաղորդեց, որ արդեն երեք ամիս է ջերմոցներն արտադրանք են թողարկում, որը իրացվում է հայրենի շուկայում, սակայն մարտից ջերմոցները կաշխատեն ողջ ծավալով և արդեն կսկսեն արտահանում իրականացնել դեպի Ռուսաստան: Արդեն պայմանավորվածություն կա ռուսական կողմի հետ:
«Հոկտեմբերին շահագործման կհանձնենք ևս 10 հա ջերմոցային տնտեսություն, մեկ քառ մետրից կանխատեսվող ծավալը 50 կգ է, նախատեսվում է արտահանել 5 000 տոննա լոլիկ և վարունգ: 2016թ-ին նախատեսում ենք արտահանել 10-12 հազար տոննա»,- ասաց «Մավաս գրուպ» ընկերության հիմնադիր նախագահը:
Նշենք, որ ընկերությունում այժմ աշխատում է 80-130 մարդ, ըստ սեզոնայնության, ամսական միջինը 100 000 դրամ աշխատավարձով: Ծրագրերի իրականացումից հետո նախատեսվում է աշխատողների քանակն հասցնել 400-ի: