23/02/2015 15:36
Genealogy խմբի երրորդ մասնակիցը Վահե Թիլբյանն է` Աֆրիկա աշխարհամասից
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի 6 մասնակիցներից երրորդը եթովպահայ սիրված երգիչ Վահե Թիլբյանն է, ով ներկայացնում է Աֆրիկա աշխարհամասը: Նրա մասնակցությամբ տեսանյութը՝ այստեղ։ Այս մասին տեղեկանում ենք Հանրային հեռուստաընկերության մամուլի ծառայությունից:
Վառ կերպար ունեցող փորձառու երգիչ ու երաժշտագետ Վահե Թիլբյանը ճանաչված արվեստագետ է, հայտնի իր յուրօրինակ երաժշտական ոճով՝ ռոք, տեխնո, ռեգգի, R&B, հայկական և եթովպական, նաև լատինո: Մշակութային այս խառնուրդն արտացոլում է Վահեի անհատականությունն ու առանձնացնում է նրան որպես բացառիկ արվեստագետ և պարող: Նրա երգը՝ այստեղ։
Վահեն ծնվել և մեծացել է Եթովպիայում, ծնողները (Գարո Թիլբյանն ու Անի Ասլանյանը) ծագումով հայ են. հայրական կողմի պապը Հայոց ցեղասպանությունից փրկված հայերից է, մայրական կողմի ընտանիքի բոլոր անդամները լքել են Արևմտյան Հայաստանը՝ 1890-1900-ականներին:
Վահեն սկսել է զբաղվել երաժշտությամբ, երբ արդեն Կանադայի Վանկուվեր քաղաքի Բրիտանական Կոլումբիայի համալսարանի շրջանավարտ էր: Նա բակալավրի կոչում է ստացել կենսաբանության ասպարեզում: Այդ ընթացքում Վահեն արդեն գերված էր պարով և, լինելով պրոֆեսիոնալ միջազգային լատինաամերիկյան պարահանդեսային ոճի պարող, Salsegnochu՛ պարային խմբի համահիմնադիրն ու պարուսույցն էր: Այս ամենին զուգահեռ The Motley Singers երգչախմբի գլխավոր տենորն էր:
Այնուհետև բեք վոկալիստ էր 251 Band խմբում երկար տարիներ՝ հանդես գալով տեղի երաժշտական փառատոնների և այլ միջոցառումների ընթացքում: Բենդից հետո Վահեն միացել է Eshee Havana սալսա խմբին՝ աշխատելով եթովպական երգերի օրիգինալ ռեմիքսների՝ սալսա ոճի փոխակերպումների վրա: 2011-ին Big Brother Africa շոուի շրջանակում հասել է եզրափակիչ փուլ:
Վահեն ինքն է գրել իր առաջին երգի՝ «Life or Something Like it» բառերը և Միքայել Հաիլուի հետ գործիքավորել և ձայնագրել երգը 2010-ին: 2012-ին նրա «Don’t Stop» սինգլն առաջադրվել է Armenian Pulse Music Award-ում որպես հայ կատարողի լավագույն անգլերեն երգ։ Օնլայն քվեարկությամբ այն գրավել է 3-րդ տեղը: 2012-ին Վահեն ավարտին է հասցրել իր Mixology ձայներիզն ու թողարկել այն անվճար: 2013-ին Վահեն թողարկեց Yene Tizita երգի տեսահոլովակը: Արդեն 2 տարի է՝ Zemen Band խմբի մենակատարն է: Հետագայում Վահեն մտադիր է թողարկել ևս 2 ձայներիզ, որոնցից մեկը կլինի ամբողջությամբ հայկական, մյուսը՝ եթովպական, համարժեք մշակութային-երաժշտական էլեմենտներով՝ ներկայացնելով մշակութային այն խառնուրդը, որից ինքն է սերում:
«Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացնող Վահեն Genealogy խմբի երրորդ մասնակիցն է։ Խմբի առաջին մասնակիցը ֆրանսահայ ճանաչված երգիչ Եսայի Ալթունյանն է, ով ներկայացնում է Եվրոպա աշխարհամասը, իսկ երկրորդը` ամերիկահայ սիրված երգչուհի Թամար Կապրելյանը: Ներկայացվելիք երգի վերնագիրն է՝ «Don’t deny» («Մի՛ ժխտիր»): Genealogy խմբի չորրորդ մասնակցի անունը հայտնի կդառնա փետրվարի 27-ին: Մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին և 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Մրցույթին կմասնակցի 40 պետություն: Այս պահին ստեղծագործական անձնակազմի հետ միասին, Վահեն ակտիվորեն մասնակցում է մրցույթի նախապատրաստական աշխատանքներին: Առաջին կիսաեզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 19-ին:
Հետևեք Genealogy խմբի մասին նորություններին Ֆեյսբուքում, Թվիթերում և Ինստագրամում։