24/02/2015 12:23
«Հայաստանը համարվում է կոռուպցիայի բարձր մակարդակ ունեցող երկիր»
«Կոռուպցիան չափել հնարավոր չէ և ճիշտը կոռուպցիայի ընկալումը չափելն է»,- այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» ՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:
Ըստ նրա, Հայաստանում կոռուպցիայի իրավիճակն այնքան էլ բարվոք չէ և տարբեր համաթվերով Հայաստանում լճացման իրավիճակ է:
Վ. Հոկտանյանը նաև շեշտեց, որ կոռուպցիայի առումով Հայաստանում վիճակը ոչ լավանում է, ոչ էլ վատանում. ընկալման համաթիվը մնում է նույնը. «Հայաստանը համարվում է կոռուպցիայի բարձր մակարդակ ունեցող երկիր և կոռուպցիայի ընկալման համաթիվը՝ 36-ն է»:
Բանախոսն անդրադարձավ նաև հարևան երկրներում կոռուպցիոն իրավիճակին՝ նշելով, որ Վրաստանից և Թուրքիայից Հայաստանը հետ է, իսկ Իրանից և Ադրբեջանից` առաջ: