25/02/2015 16:45
Գյումրու սպանդի գործ. Դատախազությունը դիմել է գործի վարույթը, ոչ թե Պերմյակովին փոխանցելու համար
ՀՀ դատախազությանը հրապարակած դիմումի մեջ առկա պահանջը միայն գործի վարույթը հայկական կողմին փոխանցելու մասին է, իսկ վալերի Պերմյակովին մեր իրավապահներին հանձնելու մասին խոսք չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Գյումրիում սպանդի զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում էր տարածել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի վերաբերյալ, որում, մասնավորապես ասված էր.
«ՀՀ գլխավոր դատախազը, 2015 թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու վերաբերյալ 03.02.2015թ-ին միջնորդություն է ուղարկել ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային: ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունն այժմ քննարկվում է ՌԴ գործընկերների կողմից»:
Հաղորդագրությանը կից ներկայացվել էր դիմումի լուսապատճեն:
Հարցին՝ ինքը հայկակա՛ն, թե ռուսակա՞ն կողմին է դիմում տեղեկություն ստանալու համար, Ե. Սարգսյանը ասաց. «Իրավահաջորդների, հարազատների հետ երկար քննարկել ենք և եկել եզրահանգման, որ պետք չի այս պահին դիմել ռուսական կողմին՝ իրավահաջորդ ներգրավելու համար, քանի որ եթե դիմենք, կներգրավեն, բայց, կոպիտ ասած, որոշակի առումով կստացվի, որ ռուսական կողմի գործողություններն օրինականացում ենք, իսկ մենք պահանջում ենք, որ նրան հանձնեն հայկական կողմին»,- ասաց փաստաբանը:
Նրա խոսքով՝ իրենք տեղեկություն ստանալու համար դիմում են հայկական կողմին, իսկ ռուսական կողմից իրենք մեծ ծավալի տեղեկություն չեն կարող ստանալ: