25/02/2015 16:32
Գյումրիում սպանդի գործով հարազատները պահանջում են Պերմյակովին տալ հայ իրավապահներին
Ի սկզբանե ասել եմ, որ ուզեցել եմ` Վալերի Պերմյակովին տան մեզ, պահանջում եմ, որ նրան տան մեր իրավապահ մարմիններին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ավետիսյանների ընտանիքի դուստր Լուսինե Ավետիսյանը:
Ավետիսյանների փաստաբան Երեմ Սարգսյանը ասաց, որ նախաքննական մարմնից իրենք առավել արդյունավետ քայլեր են պահանջում, մասնավորապես, քրեական գործ հարուցել սահմանը ապօրինի հատելու փորձ կատարելու փաստով, որպեսզի ավելացնեն Պերմյակովին Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու հնարավորությունները:
Փաստաբանը ասաց, որ այն օրենքի կետը, որը վկայակոչում են Պերմյակովին ՀՀ իրավապահներին չհանձնելու հետ կապված, կողմերի հայեցողությանն է թողնում դա և ինքը առաջիններից մեկն է եղել, ով բարձրաձայնել է այդ մասին:
Հարցին՝ ի՞նչ քայլեր են պատրաստվում իրականացնել առաջիկայում, Ավետիսյանների իրավահաջորդները ասացին, որ այսօր երեկոյան հարազատներով հանդիպելու են և որոշեն իրենց հետագա քայլերը՝ դատախազություն դիմելու հետ կապված: