25/02/2015 15:11
Ավետիսյանների իրավահաջորդներն ինֆորմացիայի կարիք ունեն. «Ինչի՞ իմ տունը, իմ ընտանիքը»
Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդներն ավելի մեծ ծավալի ինֆորմացիայի կարիք ունեն և պահանջում են, որ գործը ավելի արագ բացահայտվի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ավետիսյանների ընտանիքի դուստր Լուսինե Ավետիսյանը:
Նա կոչ արեց դեպքի հետ կապված որևէ ինֆորմացիա ունեցողներին իրեն հայտնել այդ մասին՝ խոստանալով անհրաժեշտության դեպքում որևէ մեկի չհայտնել այդ ինֆորմացիան:
«Անհանգիստ վիճակ է իմ ու ընտանիքիս մոտ։ Ես շատ եմ խնդրում, որ եթե ինչ-որ բան կա, թող կանչեն ու ինձ ասեն, ես իմանամ, այլ բան չեմ պահանջում։ Ուզում եմ իմանալ՝ ինչի՞ իմ տունը, իմ ընտանիքը»,- ասաց Լ. Ավետիսյանը։
Փաստաբան Երեմ Սարգսյանը, ով համաձայնվել է առանց գումարի ներկայացնել Ավետիսյանների շահերը, ասաց, որ վաղը կոչ կտարածեն՝ բոլոր փաստաբաններին, ովքեր կհամաձայնեն միանալ իրեն և առանց գումարի ներկայացել տուժողների իրավահաջորդների շահերը, կարող են դիմել իրենց նշած հեռախոսահամարով։
Փաստաբանը ասաց, որ քննության ընթացքից դժգոհ չէ, սակայն թե ինքը, թե տուժողների իրավահաջոդները ինֆորմացիայի կարիք ունեն:
«Հնարավոր է՝ պահանջված տեղեկության մի մասն էլ գործում առկա չլինի ընդհանրապես»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ նախաքննության ընթացքին գնահատական կարող են տալ միայն բոլոր նյութերին ծանոթանալուց հետո։
Նրա խոսքով՝ առայժմ միայն երկու փորձաքննության պատասխան է ստացվել, մեկը՝ ընտանիքի անդամների դեղերի փորձաքննության, ինչպես նաև Պերմյակովի և իր հետ հերթապահություն իրականացնող անձանցից վերցված փորձանմուշների պատասխանները, համաձայն որոնց՝ նրանց արյան մեջ ալկոհոլ, թմրանյութ չի հայտնաբերվել։