25/02/2015 15:43
Ավետիսյաններին անհավանական է թվում՝ Պերմյակովը պատահական է եկել հենց այդ տուն
Գյումրիում սպանված Ավետիսյանների տուժողների իրավահաջորդներին անհավանական է թվում այն վարկածը, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովն Ավետիսյանների տանը հայտնվել էր պատահաբար: Այս մասին ասուլիսի ժամանակ Aysor.am-ի թղթակցի հարցին՝ որքանով է հավանական այդ վարկածը, ասաց Ավետիսյանների ընտանիքի դուստր Լուսինե Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ Վ. Պերմյակովը կոտրել է դռան ապակին տուն մտնելու համար, բացի այդ, անհասկանալի է, թե ինչու հենց այդ տունը մտավ:
Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբան Երեմ Սարգսյանը ևս ասաց, որ մի բաժակ ջուր խմելու համար Ավետիսյանների տուն մուտք գործելու վարկածը իրեն անհավանական է թվում:
«Ես եղել եմ Գյումրիում և Ավետիսյանների տունը գտնելը բավականին բարդ է, այն գտնվում է ռազմաբազայից բավական հեռավորության վրա և ասել, որ նա մտել է տուն՝ մեկ բաժակ ջուր խմելու համար, տրամաբանական չէ»,-ասաց նա:
Մեր հաջորդ հարցին՝ մամուլում շրջանառվում էին նաև խոսակցություններ, որ Պերմյակովը ծանոթ է եղել Ավետիսյաններին և ելումուտ է արել նրանց տուն. Լ. Ավետիսյանը պատասխանեց. «Պերմյակովը եղել է մեկ ամսվա զինծառայող, իսկ ծանոթ լինելը բացառվում է, քանի որ իրենց տանը, եթե ինչ-որ բան կատարվում էր, ես տեղյակ էի լինում, բայց այդ տանը երեք սերունդ է ապրել մեզանից առաջ»:
Հարցին՝ իրեն կասկածելի չի թվում այն, որ մոտակայքում գտնվող մարդիկ չեն լսել այդքան կրակոցները և արդյոք նրանց մեջ եղել է թշնամանք, Լ. Ավետիսյանը պատասխանեց. «Այո, ինձ համար անհասկանալի է, ոնց չեն լսել, թե ինչ է կատարվում, իսկ թշնմանք որևէ մեկի հետ չի եղել»:
Նշենք, որ այսօր «Հայկական ժամանակը» գրել էր, որ ՀՀ քննչական պետական կոմիտեից տեղեկացրել են, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով նշանակված դատաձգաբանական փորձաքննության արդյունքները ստացվել են և առաջիկայում կհրապարակվեն։
«Այս փորձաքննությունը առանցքային նշանակություն ունի գործի հետագա քննության համար, որովհետև դրա արդյունքները գրեթե հարյուր տոկոսանոց պատասխան կտան հարցին միայնա՞կ է եղել մարդասպանը, թե՞ ոճիրը գործել են մի քանի հոգով»,–գրել էր թերթը։
Երեմ Սարգսյանը ասաց, որ իրենք հրապարակումից անմիջապես հետո դիմել են նախաքննական մարմնին, որտեղից էլ իրենց հայտնել են, որ նման տեղեկություն դեռևս չունեն: