26/02/2015 13:57
«Բարի գալուստ, Radisson». 2016-ի գարնանը Երևանում կբացվի «Ռեդիսոն Բլյու Երևանը»
«Մենք ուշ ենք գալիս Հայաստան, բայց կարևորն այն է, որ մենք արդեն այստեղ ենք»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Կարլսոն Ռեզիդոր» հյուրանոցային խմբի բիզնեսի զարգացման գծով առաջին փոխնախագահ Արիլդ Հովլանդը այն բանից հետո, ինչ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում միջազգային կառավարման պայմանագիր ստորագրվեց: Ըստ այդմ` 2016թ-ի սկզբին Երևանում կբացվի աշխարհի խոշորագույն հյուրանոցային ցանցի` «Radisson»-ի հերթական «Radisson Blu» հյուրանոցը:
«Այսպիսի հյուրանոցային ցանցերի ավելացումը ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտի համար կարևորագույն իրադարձություններից է, որովհետև սա ընդգծում է ևս մեկ անգամ Հայաստանի տեղն ու դերը համաշխարհային զբոսաշրջային շուկայում և ընդհանրապես` աշխարհի զբոսաշրջային քարտեզի վրա Հայաստանի դիրքերի ուժեղացման ազդակն է»,- ստորագրման արարողությունից հետո հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Նրա խոսքով` «Կարլսոն Ռեզիդոր» ընկերությունը նախատեսում է իր հիմնադրվելուց հետո նաև այլ ուղղություններով զարգացնել իրենց ներդրումները Հայաստանում` բերելով և զբոսաշրջային նոր մշակույթ, և հյուրանոցային ծառայությունների նոր մշակույթ թե Երևանի, թե Հայաստանի համար՝ այդպիսով ապահովելով նոր զբոսաշրջիկների այց ու զբոսաշրջային նոր ծառայությունների մատուցում:
«Այս իրադարձությունը, իրոք, կարևոր է, ես շնորհավորում եմ բոլորիս: Նաև կցանկանայի հայտնել, որ ՀՀ կառավարության քաղաքականությունն այս ուղղությամբ շարունակվելու է, այսինքն մենք խթանելու ենք և աջակցելու ենք բոլոր այս կարգի նախաձեռնությունների և հավաստիացնում եմ, որ դուք Հայաստանում ունենալու եք ամենահարմարավետ և ներդրումային, և աշխատանքային պայմանները»,- դիմելով Արիլդ Հովլանդին՝ հավելեց իր խոսքը հայ նախարարը:
Վերջինս էլ իր խոսքում ասաց, որ շատ ոգևորված են Հայաստանում բիզնես սկսելու հնարավորությամբ և կանխատեսում են տևական ու վստահելի գործընկերություն.
«Սա նաև շատ լավ մարկեթինգային քայլ է Հայաստանի համար»,- ընդգծեց նա` ավելացնելով, որ Հայաստանը այն երկրներից է, որ ունի ահռելի պատմություն, հայտնի է մշակութային իր բազմաթիվ վայրերով ու հուշարձաններով և անչափ հետաքրքիր է:
«Ռեդիսոն Բլյու հոթել» Երևանը բացվում է Հայաստանի առաջատար հյուրանոցային օպերատոր «Գոլդեն Փելիսի» հիմքի վրա, այժմ հյուրանոցում ընթանում են բարեկարգման և ընդլայնման աշխատանքներ: Մասնավորապես, ինտերիերի աշխատանքներն իրականացնում է լոնդոնյան «ԱՐԱ Դիզայն Ինթերնեյշնլ» ընկերությունը, խոհանոցները արդիականացվում են գերմանական «Կ3» ընկերության կողմից, իսկ նախագծի ընդհանուր խորհրդատվությունը գլխավորում է ռուսաստանյան «ԱՎ Փրոջեքթ» ընկերությունը:
Արդյունքում մեկ տարի անց մենք կունենանք շքեղ ու հարմարավետ հյուրանոց շուրջ 140 սենյակներով` «Ռեդիսոն Բլյուին» վայել հատուկ և բարձրակարգ ծառայություններով: Ա. Հովլանդը հատուկ նշեց, որ արվելու է ամենը, որպեսզի հյուրանոցը քաղաքաբնակների հանգստյան սիրված վայրը դառնա և դրան հատկապես նպաստելու են բացօթյան տեռասները, ինչպես նաև տանիքին բացվող բացօթյա ռեստորանը:
«Սեփականատերի հետ համատեղ մենք նախատեսում ենք, որ այն կհամալրի Երևանի լավագույն ռեստորանների շարքը»,- հատուկ հպարտությամբ ընդգծեց բանախոսը:
Նշենք, որ մեր տարածաշրջանում ընկերությունը ներկայացված է շահագործվող և կառուցվող ավելի քան 70 հյուրանոցներով, այդ թվում և Ռուսաստանում, Վրաստանում, Ադրբեջանում: