26/02/2015 13:44
Ադրբեջանցի դիվերսանտների գործով Վերաքննիչի որոշումը կհրապարակվի մարտի 10-ին. News.am
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Վերաքննիչ ատյանի դատարանը ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խմբի երկու դիվերսանտների՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հարցով որոշումը կհրապարակի մարտի 10-ին։ Այս մասին հայտնում է News.am-ը:
Հիշեցնենք, որ դատավոր Նորայր Գրիգորյանի նախագահությամբ դատական նիստը կայացավ փետրվարի 26-ին։
Դատախազ Կարեն Գաբրիելյանը մանրամասն ներկայացրեց այն ինքնաձիգի հետազոտության արդյունքները, որից սպանվել էր անչափահաս Սմբատ Ցականյանը։ Համաձայն առկա ապացույցների՝ Սմբատ Ցականյանին սպանել են այն ինքնաձիգով, որը ձերբակալման պահին հայտնաբերվել է Դիլհամ Ասկերովի մոտ։ Ըստ դատախազի՝ ազգային ատելության հողի վրա կատարված սպանության հանգամանքն ապացուցում է այն փաստը, որ Ասկերովը անչափահասին սպանելուց հետո Գուլիևին ասել է. «Դու խղճում ես հայ տղային»։
Ինչ վերաբերում է Գուլիևի ցուցմունքին, թե ինքը չգիտեր, թե որտեղ է գտնվում Քարվաճառը, դատախազը հիշեցրեց, որ Գուլիևը՝ որպես Ղարաբաղյան պատերազմի մասնակից, պետք է իմանար, որ հակառակորդի դիրքերից այն կողմ չի կարող չեզոք գոտի լինել։ Անդրադառնալով այն հանգամանքին, թե Սմբատ Ցականյանը իբր թե ինքնակամ է գնացել դիվերսանտների հետ, դատախազը նշեց. «Դժվար է պատկերացնել, որ 16-ամյա տղան ամեն ինչ թողել է և ինքնակամ գնացել է 3 անծանոթ տղամարդու հետ»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: