26/02/2015 12:40
Ստեփանակերտում մեկնարկել է ադրբեջանցի դիվերսանտների գործով Վերաքննիչ դատական նիստը
Այսօր Ստեփանակերտում մեկնարկել է ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասքերովի և Շահբազ Գուլիևի գործով Վերաքննիչ դատարանի նիստը:
Դատական նիստին ներկա են ամբաստանյալները, նրանց փաստաբաններ Էրիկ Բեգլարյանն ու Արկադի Իսրայելյանը, սպանված Սմբատ Ցականյանի իրավահաջորդը:
Նշենք, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին, ժամը 21:00-ին, Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 1962թ. ծնված Մեխակ Ցականյանը ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ որդին` Սմբատ Մեխակի Ցականյանը (ծնված 28.04.1997թ., բն. է նույն գյուղում) հուլիսի 4-ին, ժամը 21:00-ի սահմաններում, դուրս է եկել «Ճումեն» կոչվող տեղամասում գտնվող իրենց պատկանող տնից և չի վերադարձել:
Օրեր անց ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից որոնողական միջոցառումների արդյունքում Շահումյանի շրջանի նախկին Շապլար գյուղի մոտակայքում հայտնաբերվել է 2014թ. հուլիսի 04-ից անհայտ կորած` Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 1997թ. ծնված Սմբատ Ցականյանի դիակը, որի մարմնի վրա, ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության, առկա են բազմաթիվ հրազենային վնասվածքներ: Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, Սմբատ Ցականյանը առևանգնվել է զինված դիվերսիոն-հետախուզական և լրտեսական գործողություններ իրականացնելու նպատակով ԼՂՀ տարածք ապօրինի ներթափանցած` Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Շահբազ Գուլիևի (ծնվ. 1968թ.), Դիլհամ Ասկերովի (ծնվ. 1960թ.) և ձերբակալման պահին ԼՂՀ իրավապահ մարմինների համապատասխան ստորաբաժանումներին դիմադրություն ցուցաբերած և տեղում ոչնչացված` նախաքննությամբ ինքնությունը չպարզված անձի կողմից: