26/02/2015 19:11
Զարմանալի է, բայց Ալեգրովայի համերգի տոմսերը վաճառվում են նաև 100 հազար դրամով
Հայկական արմատներով ռուս երգչուհի Իրինա Ալեգրովան Հայաստանում կրկին մենահամերգով հանդես կգա: Մարտի 6-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում նա հանդես կգա «На Бис» համերգային շոու-ծրագրով:
Վերջին երկու համերգներով էլ երգչուհին դուրս էր եկել հյուրախաղերի, որով հրաժեշտ էր տալիս հանդիսատեսին: Կարծիք կար, սակայն թե դա երգչուհու վերջին համերգը չէ, այլ այդ կերպ նա փորձում է յուօրինակ PR անել: Համենայնդեպս, համերգի կազմակերպիչները համոզված են, որ Ի. Ալեգրովան այն աստղերից չէ, ով կգնա նման էժանագին ինքնագովազդի: Ու թեև նրանք այսօր դժավարանում են ասել, թե իսկապե՞ս սա կլինի նրա հրաժեշտի վեջին համերգը, բայց այն, որ նա շատ սիրված ու պահանջված երգչուհիներից մեկն է, միանշանակ:
Համերգի ընթացքում անակնկալներ են սպասվում թե՛ հանդիսատեսին, թե՛ երգչուհուն: Կհնչեն ինչպես հին ու սիրված երգեր, այնպես էլ՝ պրեմիերաներ:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում «Forpostart» ընկերության երևանյան գրասենյակի տնօրեն Մարինա Ղուկասյանը տեղեկացրեց, որ համերգի ընթացքում կլինի 5 երգի պրեմիերա: Այլ անակնկալների մասին Ղուկասյանը նախընտրեց լռել. «Հանդիսատեսը տեղում կծանոթանա, իսկ մյուս փակագծերը չեմ կարող բացել»,- ասաց նա:
Ի դեպ՝ Իրինա Ալեգրովայի համերգն առաջին շոուն է, որը կանցկացվի համալիրում՝ նոր ղեկավարության օրոք: Համերգի կազմակերպիչներն ընդգծում են, որ համերգի առաջարկը եղել է դեռ 2013 թվականին, իսկ այդ ընթացքում Մարզահամերգային համալիրն ուներ բավականին լուրջ խնդիրներ և հայտնի չէր, համերգը կկայանա, թե՝ ոչ, բայց այսօր այդպիսի խնդիրներ այլևս չկան. բոլոր հարցերն այլևս լուծված են: «Սկզբում չէինք կարողանում գտնել դահլիճ, ուստի համերգը հետաձգվեց: Բայց 2014 թվականի վերջին կարողացանք Պաշտպանության նախարարության աջակցությամբ համերգի մասին հայտարարել»,- մանրամասնեց Մարինան:
«Շատ ուրախ ենք, որ մեր հայրենքակինցները ինչպես պաշտպանում են բանակը, այնպես էլ պաշտպանեցին մեր շահերը, քանի որ արդեն ունեինք պայմանավորվածություն: Հուսանք, որ այն կավարտվի նույն տրամադրվածությամբ ու նույն ոգևորությամբ, ինչպես որ սկսեցինք պատրաստվել համերգին: Ոգևորող ու շատ տրամադրող է այն թիկունքը, որը զգում ենք մեր հետևում»,- ասաց Մարինան:
Մեր հարցին՝ արդյոք կկարողանա՞ք դահլիճն ապահովել հանդիսատեսով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տոմսերը մինչև 100 հազար դրամի են հասնում, Մ. Ղուկասյանը հավելեց, որ Ի. Ալեգրովան այն արտիստներից մեկն է, ում համերգի տոմսերի հետ կապված խնդիրներ չեն լինի: «Եթե կա մտավախություն, որ նոր սերունդն այդքան էլ շահագրգռված չի լինի, բայց Փառք Աստծո, մենք այդպիսի մտավախություն չունենք: Ալեգրովայի հանդիսատեսն այսօր տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներն են, ովքեր մեծ անհամբերությամբ են սպասում համերգին: Բոլորը նրա երգերի տակ են մեծացել, սիրահարվել, ամուսնացել, բաժանվել… Ի զարմանս մեզ՝ այսօր վաճառվել են անգամ ամենթանկ համարվող տոմսերը: Իսկ տոմսերի զգալի մասը վաճառվելու է մատչելի գներով: Սա զուտ շահույթի աղբյուր չի, այլ յուրատեսակ նվեր հայ հանդիսատեսին: Ալեգրովան հանդես է գալու իր նվագախմբով, լինելու են նաև այլ անակնկալներ»,- հավելեց Մ. Ղուկասյանը:
Նշենք, որ Ալեգրովան Հայաստան կժամանի մարտի 5-ին, իսկ համերգից անմիջապես հետո կմեկնի: Երգչուհին չի պատրաստվում հանդես գալ մամլո ասուլիսով, ինչը թեևս դժգոհության առիթ է հանդիսացել: