27/02/2015 15:57
«Genealogy» խմբի չորրորդ մասնակիցը ճապոնահայ երգչուհի Ստեֆանի Թոփալյանն է
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայանա «Genealogy» խմբով: Խմբի 6 մասնակիցներից չորրորդը ճապոնահայ երգչուհի Ստեֆանի Թոփալյանն է, ով ներկայացնում է Ասիա աշխարհամասը: Այս մասին հայտնում են Հանրային հեռուստատեսությունից:
Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությունը հայտնել էր, որ «Genealogy» խումբը համախմբելու է 1915 թ-ին աշխարհի 5 աշխարհամասերում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 6 արտիստներ են` իրենց 6 ճակատագրերով, բայց 1 պատմությամբ: Խմբի առաջին մասնակիցը ֆրանսահայ ճանաչված երգիչ Եսայի Ալթունյանն է, ով ներկայացնում է Եվրոպա աշխարհամասը: Երկրորդը` ամերիկահայ ճանաչված երգչուհի Թամար Կապրելյանն է Ամերիկա աշխարհամասից:
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի 6 մասնակիցներից երրորդը եթովպահայ սիրված երգիչ Վահե Թիլբյանն է, ով ներկայացնում է Աֆրիկա աշխարհամասը:
Մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին և 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Մրցույթին կմասնակցի 40 պետություն: