27/02/2015 14:11
Էդգար Գևորգյանի մայրը սպառնում է ինքնահրկիզվել, եթե որդու պատիժը չփոխեն
Այսօր Հայաստանում Ուկրաինայի դեսպանն ու ներկայացուցիչը լսեցին փաստաբան Վահագն Մանուկյանի և Ուկրաինայում ցմահ ազատազրկման դատապարտված Էդգար Գևորգյանի մոր պահանջները, ապա հանդիպեցին նաև դեսպանատան դիմաց հավաքված հարազատների հետ, ինչպես նաև ընդունեցին նրանց գրավոր բողոքը:
Նրանք խոստացան այն ներկայացնել տեղի իրավապահ մարմիններին:
Հիշեցնենք, որ դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Էդգար Գևորգյանին, իսկ Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել դատավճիռը:
Գործը քննվել է Ուկրաինայի Նիկոլաև քաղաքում: Նա մեղադրվում է Նիկոլաև քաղաքի կենտրոնում գտնվող խաղատներից մեկում գումար պարտվելուց և վերադարձնելուց հետո խաղատան աշխատակիցների հետ վիճաբանության ժամանակ մի քանի հոգու դանակահարելու, գումար հափշտակելու և փախուստի դիմելու մեջ:
Է. Գևորգյանի հարազատները պնդում են, որ որևէ ականատես չի եղել, իսկ մայրը դեսպանին ասաց, որ եթե իր որդու պատիժը չփոխվի և իրական մեղավորները չդատապարտվեն, ինքը նրանց աչքի առաջ կինքնահրկիզվի: